Ռուբեն Հայրապետյանի գտնվելու կոնկրետ վայրը մշտապես ՀՀ իրավապահ բոլոր մարմիններին հայտնի է եղել․ փաստաբան

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի պաշտպան Ամրամ Մակինյանը անդրադարձել է Քննչական կոմիտեի հայտարարությանը՝ նշելով․

«Ստիպված եմ անդրադառնալ մամուլում տարածվող հերթական ապատեղեկատվությանը… և 1000 երրորդ անգամ ասել՝ դադարեք Ռուբեն Հայրապետյանի անունն օգտագործելով top news և դիտելիություն ապահովել,

Ռուբեն Հայրապետյանի գտնվելու կոնկրետ վայրը մշտապես ՀՀ իրավապահ բոլոր մարմիններին հայտնի է եղել, իսկ նրա հետախուզումը վաղուց դադարեցված է…

Վերջում չմոռանամ նշել՝ հետևեք միայն պաշտոնական հաղորդագրություններին…»։

Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեն այսօր՝ հունվարի 21-ին, հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Ռուբեն Հայրապետյանի, նրա որդու և վերջինիս ընկերների կողմից՝ Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիրի գործադիր մարմնի ղեկավարի նկատմամբ առերևույթ կատարված ինքնիրավչության, նրան ազատությունից ապօրինի զրկելու, Ֆիզիկական ուժեղ ցավ, հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, ինչպես նաև շորթում կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործից անջատված մասի նախաքննությունը:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Ռաֆիկ Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի (Ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) 2-րդ մասի 3-րդ, 5-րդ կետերով, 133-րդ հոդվածի (Ազատությունից ապօրինի զրկելը) 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 7-րդ կետերով, 182-րդ հոդվածի (Շորթումը) 3-րդ մասի 2-րդ կետով և 322-րդ հոդվածի (Ինքնիրավչությունը) 2-րդ մասով: Նրա երկու ընկերներին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, 133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 7-րդ կետերով և 322-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նշված երեք մեղադրյալների վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթում, նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատախազին:

Որոշում է կայացվել Ռուբեն Հայրապետյանին ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ կետերով, 133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 7-րդ կետերով, 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 322-րդ հոդվածի 2-րդ մասով, նրա որդու ևս երկու ընկերներին ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, 133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 7-րդ կետերով և 322-րդ հոդվածի 2-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել է հետախուզում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել