Ո՞վ է վկան

Չկա երևի թե մի հանցագործություն, որը կատարվի աննկատ, մարդկային աչքից հեռու: Շատ հաճախ գործով վերջնական որոշումը կայացվում է հենց վկաների տված ցուցմունքների հիման վրա:

Վկան ցուցմունքներ տալու նպատակով կողմի կամ քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից կանչված այն անձն է, ում կարող է հայտնի լինել տվյալ գործով պարզելու ենթակա որևէ հանգամանք:

Վկան պարտավոր է`
1) ցուցմունքներ տալու, քննչական և այլ դատավարական գործողությունների կատարմանը մասնակցելու համար ներկայանալ քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով.
2) տալ ճշմարտացի ցուցմունքներ` հայտնել գործով իրեն ամբողջ հայտնի դարձածը և պատասխանել առաջադրված հարցերին, ստորագրությամբ հաստատել քննչական կամ այլ դատավարական գործողության, արձանագրության մեջ իր տված ցուցմունքների գրառումների ճշտությունը.
3) քրեական վարույթն իրականացնող մարմնի պահանջով տրամադրել իր մոտ եղած առարկաները, փաստաթղթերը, ինչպես նաև նմուշներ` համեմատական հետազոտման համար.
4) քրեական վարույթն իրականացնող մարմնի պահանջով ենթարկվել քննման.
5) քրեական վարույթն իրականացնող մարմնի պահանջով ենթարկվել արտահիվանդանոցային փորձաքննության` ստուգելու համար քրեական գործով բացահայտման ենթակա հանգամանքները ճիշտ ընկալելու և վերարտադրելու նրա ունակությունը, եթե հիմքեր կան կասկածի տակ դնելու նրա այդպիսի ունակությունը.
6) ենթարկվել դատախազի, քննիչի, հետաքննության մարմնի, դատական նիստը նախագահողի կարգադրություններին.
7) չմեկնել այլ վայր` առանց դատարանի թույլտվության կամ առանց քրեական հետապնդման մարմնին իր գտնվելու նոր վայրի մասին նախապես տեղեկացնելու.
8) առանց նախագահողի թույլտվության չլքել դատական նիստերի դահլիճը կամ դատարանի շենքը.
9) դատական նիստի ժամանակ պահպանել կարգուկանոն:
Վկայի կողմից իր պարտականությունները չկատարելն առաջ է բերում օրենքով նախատեսված պատասխանատվություն:

Վկան իրավունք ունի`
1) իմանալ, թե որ քրեական գործով է կանչվում.
2) հրաժարվել իր, ամուսնու կամ մերձավոր ազգականների վերաբերյալ ցուցմունք տալուց.
3) հրաժարվել նյութեր և տեղեկություններ ներկայացնելուց, եթե դրանք քրեական գործով կարող են վկայել իր, ամուսնու կամ մերձավոր ազգականների դեմ.
4) ցուցմունքներ տալիս քրեական վարույթն իրականացնող մարմնի թույլտվությամբ օգտվել փաստաթղթերից և իր գրավոր նշումներից.
5) ցուցմունքներ տալիս կազմել պլաններ, սխեմաներ և գծանկարներ.
6) անձամբ շարադրել մինչդատական վարույթի ընթացքում տրվող իր ցուցմունքները.
7) ծանոթանալ իր մասնակցությամբ կատարված քննչական կամ այլ դատավարական գործողության արձանագրությանը, ինչպես նաև համապատասխան մասով` դատական նիստի արձանագրությանը և իր ցուցմունքների գրառումների լրիվության և ճշտության հետ կապված դիտողություններ անել, որոնք մտցվում են արձանագրության մեջ.
8) ստանալ քրեական գործով վարույթի ընթացքում կրած ծախսերի հատուցում.
9) հետ ստանալ քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից որպես իրեղեն ապացույց կամ այլ հիմքերով իրենից վերցված գույքը, իրեն պատկանող պաշտոնական փաստաթղթերի բնօրինակները:
10) քրեական վարույթն իրականացնող մարմին ներկայանալ փաստաբանի հետ:

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել