Ա. Զալյանը 27.09.2012թ. հայցադիմում է ներկայացրել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Հ. Հարությունյանի ` ամուսնությունը լուծելու պահանջի մասին:
Դատարանը, ուսումնասիրելով գործում եղած փաստաթղթերը, գտավ, որ հայցը ենթակ է մերժման` հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղ.դատ.օր-ի 48 հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցել իր վկայակոչած փաստերը:
Հայցվորը, որպես ապացույց, դատարանին ներկայացրել է ամուսնության վկայականի լուսապատճենը:
ՀՀ քաղ.դատ.օր-ի 51 հոդվածի 1-ին կետի համաձայն` գործի հանգամանքները, որոնք օրենքի կամ այլ իրավական ակտերի համաձայն պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով:
ՀՀ քաղ.դատ.օր-ի 54 հոդվածի համաձայն` գրավոր ապացույցներ են գործի համար նշանակություն ունեցող հանգամանքների մասին տեղեկություններ պարունակող ակտերը, պայմանագրերը, տեղեկանքները, գործարար թղթակցությունը, այլ փաստաթղթերը և նյութերը, այդ թվում` էլեկտրոնային կամ կապի այլ միջոցով կամ փաստաթղթերի իսկությունը հաստատելու հնարավորություն ընձեռող այլ եղանակով ստացված ապացույցները:
Գրավոր փաստաթղթերը ներկայացվում են բնօրինակով կամ պատշաճ վավերացված պատճենի ձևով: Եթե քննվող գործին վերաբերում է փաստաթղթի միայն մեկ մասը, ներկայացվում է դրա պատշաճ վավերացված քաղվածքը:
Սույն գործով որպես կողմերի գրանցված ամուսնության ապացույց հանդիսանում է ամուսնության վկայականը, որը ներկայացված է պատճենի տեսքով, որպիսին օրենքի պահանջի խախտմամբ ներկայացված է լուսապատճենի տեսքով, հետևաբար ներկայացված լուսապատճենը դատարանը որպես ապացույց չի դիտում:
ՀՀ քաղ. դատ.օր-ի 48 հոդվածի 6-րդ կետի համաձայն` եթե բոլոր ապացույցների հետազոտումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը:
Այսպիսով, քննության առնելով ներկայացված հայցը, դատարանը արձանագրել է, որ բոլոր ապացույցների հետազոտումից հետո վիճելի է մնում կողմերի ամուսնությունը գրանցված լինելու փաստը, որի բացասական հետևանքները պետք է կրի հայցվորը:
Աղբյուրը` Իրավաբան.net