Էթիկայի հանձնաժողովը չի միջամտում պատգամավորների և դատավորների շահերի բախմանը

Այսօր` ապրիլի 19-ին, Կոնգրես հյուրանոցում տեղի ունեցավ «Հանրային ոլորտի էթիկան Հայաստանում և ԵՄ-ում» սեմինար-քննարկում, որին ներկա էին տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ, ՀԿ-ների ներկայացուցիչներ և միջազգային փորձագետներ: Սեմինարի ժամանակ զեկույցով հանդես եկավ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Էմիլ Բաբայանը: Նրա խոսքերով, քանի որ Էթիկայի հանձնաժողովը դեռևս երիտասարդ կառույց է և շատերին անծանոթ, այդ իսկ պատճառով վերջինս ներկայացրեց կառույցի դերն ու նշանակությունը:

«Հանձնաժողովը ձևավորվել է 2012 թվականին հունվարի 9- ին, այսինքն` մոտ մեկ տարի առաջ`«Հանրային ծառայության մասին» օրենքի համաձայն: Օրենքը բացի Հանրային ծառայությունների դրույթներ սահմանելուց պարունակում է նաև կոռուպցիայի կանխարգելման մի շարք կարևոր գործիքներ:Դրանցից շատերի արդյունավետ օգտագործման համար էլ պատասխանատու է Էթիկայի հանձնաժողովը»:

Բաբայանը տեղեկացրեց, որ «Հանրային ծառայության մասին» օրենքով նախատեսված գործիքներն են, օրինակ` բարձրաստիճան պաշտոնատար անձնաց կողմից գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց վերաբերյալ հայտարարագրերի ներկայացման գործընթացը, շահերիբախման հետ կապված հարաբերությունների հարցերը և այլն:
Բարձրաստիճան պաշտոնատար անձնաց շահերի բախման բացահայտման հետ կապված նա նշեց, որ կան բացառություններ. «Հանձնաժողովը կարող է զբաղվել շահերի բախման բացահայտմամբ, բացառությամբ պատգամավորների, Սահմանադրական դատարանի անդամների, դատավորների և դատախազների շահերի բախման»:

Արև Ավագյան

Աղբյուրը` իրավաբան․net

 

 

 

Սույն  հրապարակումը պատրաստվել է  ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից ֆինանսավորած և ՀԵԻԱ-ի կողմից իրականացվող «Հանրային վերահսկողություն և թափանցիկության ապահովում» ծրագրի շրջանակներում: Սույն հրապարակման մեջ ամփոփված տեսակետները, մեկնաբանություններն և եզրակացությունները պատկանում են հեղինակներին և կարող են չհամընկնել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի տեսակետների հետ: 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել