Պաշտոնատար անձանց նկատմամբ կիրառվող պատժամիջոցներում պետք է շատ զգույշ լինել. Քվենտին Ռիդ

Այսօր` ապրիլի 19-ին, Կոնգրես հյուրանոցում տեղի ունեցած «Հանրային ոլորտի էթիկան Հայաստանում և ԵՄ-ում» սեմինար-քննարկման ժամանակ զեկույցով հանդես եկավ միջազգային փորձագետ Քվենտին Ռիդը: Նրա զեկույցը վերաբերում էր հանրային հատվածի էթիկայի կարգավորմանը և ղեկավարմանը Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության երկրներին (ՏՀԶԿ):

Զեկույցի ժամանակ նա ներկայացրեց օրինակներ ԱՄՆ-ից, Ֆրանսիայից և Միացյալ Թագավորությունից: Վերջինիս խոսքերով` հանրային հատվածի ազնվությունը և էթիկայի կարգավորումը բավական բարդ ոլորտ է. «Էթիկայի կարգավորման նորմեր տարբեր երկրներում տարբեր են: Հատուկ մշակված կանոններ չկան: Յուրաքանչյուր երկիր այն համապատասխանեցնում է իրեն: Պաշտոնյաների տարբեր կատեգորիաներ պետք է ենթարկվեն տարբեր էթիկական կարգավորումների»:

Չնայած այն բանին, որ տարբեր երկրներում էթիկական կարգավորումները տարբեր են, բայց կան մի շարք կետեր, որոնք ընդունելի են բոլորի համար. թափանցիկությունը, օբյեկտիվությունը:

Ինչպես տեղեկացրեց փորձագետը, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում և Միացյալ Թագավորությունում պետական պաշտոնատար անձինք պետք է ներկայացնեն իրենց եկամուտները. «Դրա նպատակը ոչ թե պարզելն է, թե որքանով են հարուստ տվյալ անձինք, այլ թե որքան եկամուտ ունեն: Եթե որևէ բան փոխվում է նրանք պարտավոր են այդ մասին տեղյակ պահել համապատասխան մարմնին»:

Վերջինիս հավաստիացմամբ, մեկ էթիկական հանձնաժողով չի կարող բավարար չափով վերահսկողություն սահմանել էթիկայի ոլորտում. «Պետք ունենալ բարձրաստիճան պաշտոնյաների հանձնաժողով, բայց չենք կարող ունենալ մի կառույց, որը կկարգավորեր բոլոր պաշտոնյաների էթիկական նորմերը»:

Քվենտին Ռիդը անդրադարձավ նաև պաշտոնատար անձանց նկատմամբ կիրառվող պատժամիջոցներին. «Ժողովրդավարական երկրներում պետք է շատ զգույշ լինել հատուկ պատժամիջոցների կիրառման հարցում: Օրինակ Միացյալ Թագավորությունում պատժամիջոցները քրեականացված չեն: Որպես պատժամիջոց կարող են զրկել խորհրդարանական մանդատից: Իսկ օրինակ ԱՄՆ-ում պատժամիջոցները ավելի խիստ են: Այնտեղ կարող քրեական պատիժ է սահմանվել պաշտոնատար անձանց հանդեպ, անգամ հնարավոր է բանտարկել»:

Ըստ Ռիդի` գործադիր ճյուղի համար որևէ պատժամիջոցի սահմանումը ավելի դժվար է, քանի որ վարքագծի կանոնների խախտման համար որևէ պատժամիջոց չկա սահմանված. «Երբեմն հնարավոր է աշխատանքից հեռացնել, այն էլ կանոնագրքի կոպիտ խախտման դեպքում»:

Եզրափակելով խոսքը նշեց, որ այն երկրները, որոնք գտնվում են անցման փուլում, այնտեղ քաղաքացիական հասարակությունը թույլ է և կոռուպցիայի առումով դա ավելի զգայուն է:

Արև Ավագյան

Աղբյուրը` Իրավաբան․net

 

 

 

Սույն հրապարակումը պատրաստվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից ֆինանսավորած և ՀԵԻԱ-ի կողմից իրականացվող «Հանրային վերահսկողություն և թափանցիկության ապահովում» ծրագրի շրջանակներում: Սույն հրապարակման մեջ ամփոփված տեսակետները, մեկնաբանություններն և եզրակացությունները պատկանում են հեղինակներին և կարող են չհամընկնել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի տեսակետների հետ: 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել