Սլովենիայում ԿՀՀ-ի լիազորություններն ավելին են, քան օմբուդսմենինը

Այսօր` ապրիլի 19-ին, Կոնգրես հյուրանոցում տեղի ունեցավ «Հանրային ոլորտի էթիկան Հայաստանում և ԵՄ-ում» սեմինար-քննարկում, որին ներկա էին տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ, ՀԿ-ների ներկայացուցիչներ և միջազգային փորձագետներ: Միջոցառման ժամանակ ելույթ ունեցավ Սլովենիայի Հանրապետության «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով»-ի գլխավոր հանձնակատար Գորան Կլեմենչիչը: Նա ներկաների հետ կիսվեց Սլովենիայի Հանրապետության կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ստեղծման փորձով (ԿԿՀ): Նա նշեց, որ ԿԿՀ-ն անկախ պետական մարմին է, ինչպես օրինակ մարդու իրավունքների պաշտպանը: Երբեմն կարող է ավելի շատ լիազորություններ ունենալ, քան օմբուդսմենը: Այն նաև Աուդիտի դատարանի տեղեկատվական հանձնակատարն է` կոռուպցիայի, էթիկայի խախտումների կանխարգելման, հետաքննման և պետական մարմինների ազնվության ոլորտում: Բանախոսի խոսքերով` այս կառույցը քրեական պատժամիջոցներ չի սահմանում և դժվար է նման բան անի: Այն, որպես պատժամիջոց, հիմնականում օգտագործում է տուգանքը կամ աշխատանքից ազատելը: Պատժամիջոցի տեսակը կախված է այն բանից, թե էթիկայի ինչ խախտում է արել տվյալ պաշտոնատար անձը:

Գ. Կլեմենչիչի հաղորդմամբ, Սլովենիայում այս մարմինը ստեղծվել է տասը տարի առաջ, որը բավական շատ փոփոխությունների է ենթարկվել. «Ներկայիս ԿԿՀ-ն հիմնվել է 2010թ. «Ազնվության և կոռուպցիայի կանխարգելման մասին» օրենքի ընդունմամբ: Այն իրականացնում է անկախ հակակոռուպցիոն մարմնի պահանջները, ինչպես սահմանված է Սլովենիայի կողմից վավերացված ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայով»:

«ԿԿՀ-ն ունի ծավալուն մանդատ կոռուպցիայի, էթիկայի խախտումների կանխարգելման, հետաքննման և պետական մարմինների ազնվության ոլորտներում»,- ասաց բանախոսը: Սեմինարի ժամանակ նա ներկաներին տեղեկացրեց նաև մանրամասներ ԿԿՀ-ի աշխատակազմի մասին. «ԿԿՀ-ն խիստ իմաստով բաղկացած է երեք անդամներից` գլխավոր հանձնակատարը և երկու տեղակալները: Առանցքային հարցերի վերաբերյալ նրանք են որոշում կայացնում: ԿԿՀ տարբեր վարչություններում աշխատում են տարբեր ոլորտի մասնագետներ»:

Իր խոսքի վերջում Սլովենիայի ԿԿՀ-ի նախագահը հավելեց, որ այս ոլորտում հաջողված պատմությունները շատ քիչ են: Պետք է լինել իրատեսական: Ինչքան հնարավոր է շատ խնդիրների անդրադառնալ, արժևորում տալ և առաջ ընթանալ. «Սլովենիան մի երկիր է, որտեղ պետական կապիտալով ընկերությունները շատ են, հետևաբար կոռուպցիոն ռիսկերի հավանականությունը մեծ է: Այս ոլորտում մենք բավական լուրջ անելիք ունենք»: Նրա տեղեկացմամբ, այս հարցերի շուրջ իրենք երբեք չեն կենտրոնացել: Առավել շատ ուշադրություն են դարձրել պետական մարմինների աշխատանքին: Ներկայումս պատրաստվում են ուղղել իրենց այդ սխալը:

Արև Ավագյան

Աղբյուրը` իրավաբան․net

 

 

 

Սույն հրապարակումը պատրաստվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից ֆինանսավորած և ՀԵԻԱ-ի կողմից իրականացվող «Հանրային վերահսկողություն և թափանցիկության ապահովում» ծրագրի շրջանակներում: Սույն հրապարակման մեջ ամփոփված տեսակետները, մեկնաբանություններն և եզրակացությունները պատկանում են հեղինակներին և կարող են չհամընկնել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի տեսակետների հետ: 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել