ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող եւ կիբերհանցագործությունների գործերով վարչությունում հարուցվել է քրեական գործ`անչափահասի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու փորձի և համակարգչային համակարգի միջոցով մանկական պոռնոգրաֆիա ներկայացնելու դեպքերի առթիվ:
Դատախազության փոխանցմամբ` փաստաբանի գրավոր հաղորդման հիման վրա ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ անհայտ անձը, 12-14 տարեկան տղաների հետ սեռական հարաբերություններ ունենալու նպատակով, 2013թ. ապրիլ ամսվա ընթացքում «Odnoklassniki.ru» սոցիալական կայքում ծանոթացել է անչափահաս՝ 2004 թվականին ծնված Կարենի հետ (անունը փոխված է) և համացանցային նամակագրության միջոցով վերջինիս հետ քննարկել հնարավոր սեռական հարաբերությունների, դրանց ձեւերի եւ սեռական օրգանների մասին։
Բացի այդ, նույն կայքի միջոցով նույն անձը Կարենին ցուցադրել է մանկական պոռնկագրական բնույթի տեսանյութ` չիմանալով, որ վերջինիս փոխարեն նամակագրությունն իր հետ վարում է նրա հայրը:
Նախապատրաստված նյութերով ապրիլի 18-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-142-րդ հոդվածի 1-ին մասով և 263-րդ հոդվածի 2-րդ մասով: Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությանը:
Ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների, ինչպես նաև քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազության համապատասխան վարչության աշխատակիցների համատեղ մշակած համալիր գործողությունների ծրագրի եւ օպերատիվ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է վերը թվարկված գործողությունները կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Երեւանի բնակիչ Միքայել Ա.-ն։ Վերջինիս բնակարանում կատարված խուզարկության ժամանակ առգրավված համակարգչի զննությամբ հայտնաբերվել են մանկական պոռնոգրաֆիա պարունակող բազմաթիվ տեսանյութեր։ Միքայել Ա.-ն ապրիլի 19-ին ձերբակալվել է։
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net