2021թ. հունվարի 8-ին՝ ժամը 12:45-ին, ՀՀ ոստիկանության Արարատի բաժնում ահազանգ է ստացվել այն մասին, որ Վեդի քաղաքից դեպի Քաղցրաշեն համայնք տանող դաշտամիջյան ճանապարհին՝ արկղի մեջ, դիակ կա: Այս մասին հայտնում են քննչական կոմիտեից։
Կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է փայտյա արկղ, որում տղամարդու դի՝ ծալված վիճակում, ինչպես նաև՝ ծխախոտի ծխուկ և ներարկիչի ասեղ: Դիակի արտաքին զննությամբ հայտնաբերվել են վերքեր և կոտրվածքներ:
Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով, որի նախաքննությունը հանձնարարվել է քննչական խմբին:
Կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ, ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, դիակի, ինչպես նաև ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: