Տեսչության պետն իրեն նախարարի լիազորություններով էր օժտել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայց է ներկայացրել դատարան ընդդեմ Արթուր Զիրոյանի՝ 1.000.000 դրամ տուգանքի գումար հօգուտ պետական բյուջեի բռնագանձելու պահանջի մասին: Արթուր Զիրոյանը հակընդդեմ հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության՝ 2012թ. փետրվարի 28-ի թիվ 003 որոշումը անվավեր ճանաչելու պահանջի մասին:

Նախարարությունը դիմելով դատարան հայտնում է, որ «Հրդեհային անվտանգության մասին» և «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքների, ՀՀ կառավարության 2005թ. մարտի 10-ի թիվ 383-Ն որոշման և Նախարարության աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության 2012թ. փետրվարի 7-ի կարգադրության հիման վրա պետական տեսուչը Հակընդդեմ հայցվորի բենզալցակայանում իրականացրել է հետազոտություն, որի արդյունքում պարզվել է, որ տնտեսվարողը բենզալցակայանը շահագործում է՝ խախտելով «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասի, 12-րդ հոդվածի 2-րդ մասի և 19-րդ հոդվածի 1-ին մասի «ժդ» կետի պահանջները, այն է՝ իր կողմից շահագործվող արտադրական վտանգավոր օբյեկտը՝ բենզալցակայանը, օրենքով նախատեսված կարգով և ժամկետներում չի գրանցել պետական ռեեստրում, չի անցկացրել դրա տեխնիկական անվտանգության փորձաքննություն։

Հակընդդեմ հայցվորը 2012թ. փետրվարի 28-ի թիվ 003 որոշման ոչ իրավաչափ լինելու հիմքում դնում է այն հանգամանքը, որ այն պետք է ընդուներ ոչ թե Տեսչության պետը, այլ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարը։ Բացի դա, Հակընդդեմ հայցվորը պնդում է, որ որոշումը ինքը չի ստացել, հետևաբար այն ուժի մեջ չէ։ Դատարանը հաստատված է համարում այն հանգամանքը, որ որոշումը Հակընդդեմ հայցվորը չի ստացել։ Բացի այդ դատարանը ևս արձանագրում է, որ որոշումը չի կայացվել իրավասու մարմնի, այսինքն՝ ՀՀ ԱԻ նախարարի կողմից, այլ կայացվել է Տեսչության պետի կողմից:

Սույն գործով ՀՀ վարչական դատարանը վճռեց՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հայցը` ընդդեմ Արթուր Զիրոյանի՝ 1.000.000 դրամ տուգանքի գումար հօգուտ պետական բյուջեի բռնագանձելու պահանջի մասին, մերժել։ Արթուր Զիրոյանի հակընդդեմ հայցը՝ ընդդեմ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության՝ 2012թ. փետրվարի 28-ի թիվ 003 որոշումը անվավեր ճանաչելու պահանջի մասին, բավարարել և անվավեր ճանաչել այդ որոշումը։

Իրավաբան.net

 

 

 

Սույն հրապարակումը պատրաստվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից ֆինանսավորած և ՀԵԻԱ-ի կողմից իրականացվող «Հանրային վերահսկողություն և թափանցիկության ապահովում» ծրագրի շրջանակներում: Սույն հրապարակման մեջ ամփոփված տեսակետները, մեկնաբանություններն և եզրակացությունները պատկանում են հեղինակներին և կարող են չհամընկնել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի տեսակետների հետ: 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել