Միևնույն պետական մարմնի կողմից միևնույն տնտեսավարող սուբյեկտում ստուգումների հաճախականությունը կախված է տվյալ տնտեսվարող սուբյեկտի ռիսկայնության աստիճանից:
Ռիսկը տնտեսավարող սուբյեկտի գործունեության արդյունքում մարդու կյանքին, առողջությանը, շրջակա միջավայրին, պետության, իրավաբանական և ֆիզիկական անձանց գույքային շահերին, բնական և էներգետիկ պաշարների խնայողությանը վնաս հասցնելու հավանականությունն է` հաշվի առնելով այդ վնասի ծանրության աստիճանը: Գործունեության ոլորտի ռիսկը ցուցանիշ է, որը հաշվարկելիս հիմք են ընդունվում տնտեսավարող սուբյեկտի գործունեության ոլորտի կարևորությունն ու վտանգավորությունը` ըստ տվյալ գործունեությունից առաջացող հնարավոր բացասական հետևանքների:
Ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգի միջոցով ստուգում իրականացնող մարմինը ստուգումները նպատակաուղղում է դեպի այն ոլորտները և վերահսկման օբյեկտները, որոնք առավել ռիսկային են:
«Ըստ ռիսկայնության աստիճանը որոշող չափանիշների գնահատման` տնտեսավարող սուբյեկտները դասակարգվում են հետևյալ երեք խմբերից որևէ մեկում`
ա. բարձր ռիսկայնության,
բ. միջին ռիսկայնության,
գ. ցածր ռիսկայնության»,-Իրավաբան.net-ին հայտնում է փաստաբան Արփինե Եղիկյանը:
Միևնույն պետական մարմնի կողմից միևնույն տնտեսավարող սուբյեկտում ստուգումները՝ կախված տնտեսավարող սուբյեկտի ռիսկայնության աստիճանից, իրականացվում են հետևյալ հաճախականությամբ`
1) բարձր ռիսկայնության սուբյեկտների մոտ` ոչ ավելի հաճախ, քան տարին 1 անգամ.
2) միջին ռիսկայնության սուբյեկտների մոտ` ոչ ավելի հաճախ, քան 3 տարին 1 անգամ.
3) ցածր ռիսկայնության սուբյեկտների մոտ` ոչ ավելի հաճախ, քան 5 տարին 1 անգամ:
Սահմանված տարիներով հաշվարկվող ժամկետը լրանում է ժամկետի վերջին տարվա համապատասխան ամսին և ամսաթվին:
Աղբյուրը` Իրավաբան.net