Ամսական 300,000 դրամի աջակցություն՝ անհետ կորածների ու գերեվարվածների ընտանիքներին

Պատերազմի հետևանքով անհետ կորած զինծառայողների ընտանիքնեին, մինչ գործող օրենքով նրանց կարգավիճակի հստակեցումը, առավելագույնը 6 ամիս ժամկետում յուրաքանչյուր ամիս 300,000 դրամ աջակցություն կտրամադրվի, նույն աջակցությունից կօգտվեն նաև գերիների ընտանիքները, հայտարարել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը։

Գործընթացը կազմակերպվելու է Զինծառայողների կյանքին և առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի կողմից՝ հաշվի առնելով նաև այն, որ այդ հիմնադրամն է հետագայում շահառու դառնալու դեպքում շարունակելու փոխհատուցման տրամադրումը։

Բյուջեից տրամադրվող աջակցությունը կկազմի 500 մլն դրամ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, որ ըստ ՀՀ օրենսդրության` անհետ կորած զինծառայողները ևս համարվում են հիմնադրամի շահառու, բայց քանի որ կարգավիճակի ճշգրտումը մոտ 1 տարի է պահանջում (այժմ աշխատանք է տարվում այս ժամկետը կրճատելու համար), յուրաքանչյուր զինծառայողի ընտանիք ամսական կստանա 300,000 դրամ՝ մինչև հիմնադրամի հետ «հարաբերությունները հստակցեվեն»։

«Եթե պարզվի, որ զինծառայողները հիմնադրամի շահառու են, բյուջեից վճարված գումարը կհաշվանցվի, այսինքն՝ կնվազեցվի այն գումարից, որը պետք է ստանային։ Եթե պարզվի, որ շահառու չեն, սա կլինի անհատույց աջակցություն։ Ծրագրում ներառված են նաև գերիների ընտանիքները»,-ասել է Փաշինյանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել