«Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է ճանապարհ բացեն Լեռնային Ղարաբաղի հետպատերազմյան ճգնաժամից դուրս գալու համար»,- ասել է Արմեն Սարգսյանը՝ Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:
Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։
«Ղարաբաղյան պատերազմից հետո ստեղծված ճգնաժամից Հայաստանը կարող է դուրս գալ համատեղ աշխատանքով, արտահերթ ընտրությունների միջոցով: Ցանկացած երկրում, որտեղ այսպիսի ողբերգություն է տեղի ունեցել, կառավարությունը պետք է հեռանա: Անհրաժեշտ են արտահերթ ընտրություններ, իսկ մինչ այդ` ժողովրդական համաձայնության կառավարության ձևավորում», – ասել է Սարգսյանը, ում խոսքերը հրապարակվել են նաև վերջինիս տելեգրամյան ալիքում:
Արմեն Սարգսյանը կարծում է, որ անհրաժեշտ է դադարեցնել միմյանց բաժանելը «սևերի ու սպիտակների», պետք է սխալներից դասեր քաղել և ստեղծել երկիր, որով հպարտ կլինեն բոլորը, ինչպես նաև հաղթող բանակ:
«Վերականգնումը պետք է լուծվի միասին, ընկերների և դաշնակիցների, առաջին հերթին՝ Ռուսաստանի աջակցությամբ», – ասվել է հաղորդագրության մեջ: