Թուրքիան վճռական է շարունակելու եվրաինտեգրման ուղին՝ Եվրոպայի հետ իր ապագան կերտելու համար, հայտարարել է Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
«Մենք մնում ենք վճռական եվրաինտեգրման հարցում, ձգտում ենք կառուցել մեր ապագան Եվրոպայի հետ միասին և կենտրոնացած ենք բոլոր բարեկամ երկրների, դաշնակիցների հետ համագործակցության վրա: Թուրքիան պատրաստ է ակտիվորեն օգտագործել ԱՄՆ-ի հետ իր սերտ դաշնակցային հարաբերությունները տարածաշրջանային և գլոբալ խնդիրները լուծելու համար», – ասել է Էրդողանը:
Նա հավելել է, որ Թուրքիան վճռական է բարձր տեղ զբաղեցնելու համաճարակից հետո ձևավորվող նոր աշխարհակարգում։
Նշենք, որ Թուրքիան 1963-ին ստորագրել է ասոցացման համաձայնագիր ԵՄ-ի հետ (այդ ժամանակ՝ ԵՏՀ), իսկ 1987-ին դիմել է միությանը անդամակցելու համար: Այնուամենայնիվ, անդամակցության բանակցությունները սկսվել են միայն 2005 թ.-ին և բազմիցս դադարեցվել են տարաձայնությունների պատճառով: Բանակցային դոսյեի 35 գլուխներից 16-ն այժմ բաց են: 2016-ի մարտին Բրյուսելը ակտիվացրել է բանակցությունները՝ Թուրքիայի համաձայնության դիմաց, որը կօգնի կրճատել միգրանտների հոսքը դեպի Եվրոպա: