Երկու ամսով կալանք, մինչև 5 տարվա ազատազրկում, տուգանք․ ի՞նչ կասկածանքով են ձերբակալվել Արթուր Վանեցյանը, Սուրեն Սուրենյանցը

Հատուկ քննչական ծառայությունն այսօր՝ նոյեմբերի 12-ին հայտարարություն տարածեց այն մասին, որ ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց, ինչպես նաև այլ անձանց կողմից օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքներ կազմակերպելու և անցկացնելու փաստի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է 10 անձ։

Նրանցից Սուրեն Սուրենյանցը և Արթուր Վանեցյանը ձերբակալվել են ՀՀ քրեական օրենսգրքի 225.1–րդ հոդվածի 1-ին մասով և 307.1–րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություններ կատարելու կասկածանքով։

Իրավաբան.net-ը հայտնում է, որ Քրեական օրենսգրքի 307.1 հոդվածով սահմանվում է ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում գործող միջոցառումները և ժամանակավոր սահմանափակումները խախտելը։ Հոդվածի 1-ին մասում նշվում է․ «Ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում սահմանված միջոցառումները և ժամանակավոր սահմանափակումները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանքներ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 5 տարի ժամկետով»։

225․1 հոդվածով սահմանվում է օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը և անցկացնելը։ Հոդվածի առաջին մասում նշվում է․ «Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքը դիտավորությամբ կազմակերպելը և անցկացնելը՝ պատժվում են տուգանքով՝ 200․000-300․000 դրամի  չափով, կամ կալանքով՝ առավելագույնը 2 ամիս ժամկետով»:

Նշենք, որ Վահագն Չախալյանը և Հրաչյա Ղուկասյանը քրեական գործով ներգրավվել են որպես կասկածյալներ` ՀՀ քրեական օրենսգրքի 225.1–րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություններ կատարելու կասկածանքով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել