Ռուսաստանին հասկանալի չէ Լեռնային Ղարաբաղում օտարերկրյա վարձկանների վերաբերյալ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոսքերին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հուզական արձագանքը: Այդ մասին ТАСС -ին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության աղբյուրը:
«Անկեղծ ասած մեզ այնքան էլ հասկանալի չէ հարգարժան Իլհամ Հեյդարովիչ Ալիևի հուզական արձագանքը Սերգեյ Վիկտորովիչ Լավրովի մեկնաբանությանը,- ասել է գործակալության աղբյուրը. – Միգուցե Ադրբեջանի նախագահի օգնականները նրան ցույց են տվել ուրիշի նյութերը կամ ներկայացրել են իրենց սեփական մեկնաբանությունը»:
Աղբյուրը նշել է նոյեմբերի 3-ին Լավրովի «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցի ճշգրիտ մեջբերումը. «Մենք իհարկե մտահոգված ենք Ղարաբաղյան հակամարտության միջազգայնացմամբ և Մերձավոր Արևելքից զինյալների ներգրավմամբ: Մենք բազմիցս կոչ ենք արել արտաքին խաղացողներին օգտագործել իրենց հնարավորությունները՝ ճնշելու վարձկանների տեղափոխումը, որոնք գտնվում են հակամարտության գոտում: Ըստ առկա տվյալների, այն արդեն մոտենում է երկու հազարի: Այս թեման, մասնավորապես, բարձրացրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 27-ին՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ժամանակ, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հետ կանոնավոր շփումներից հետո: Մենք համառորեն շարունակում ենք պնդել մեր դիրքորոշումը տարբեր հարցերի վերաբերյալ»:
Աղբյուրը նշել է, որ Մոսկվան միշտ մաքսիմալ զգույշ է մոտենում իր դերակատարմանը, այն երկրների կոնֆլիկտներում, որոնց հետ մտերիմ հարաբերություններ ունի. «Նախագահ Ալիևն ինքը բազմիցս հայտարարել է այդ մասին: Մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը` նպաստելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ, քաղաքական և դիվանագիտական կարգավորմանը: Միևնույն ժամանակ, մենք համոզված ենք, որ վարձկան զինյալների ներթափանցումը Կովկաս սպառնում է տարածաշրջանի բոլոր երկրների, այդ թվում` Ադրբեջանի և Ռուսաստանի կայունությանը և անվտանգությանը», – ամփոփել է զրուցակիցը: