ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը ստացել է ԱՄՆ պատմության մեջ ամենաշատ կողմ քվեները, հայտնում է Bostonglobe-ն:
Fox News-ի վերջին տվյալների համաձայն՝ երկրի նախկին փոխնախագահին արդեն հասցրել է աջակցել ավելի քան 69,8 միլիոն ընտրող, մինչդեռ վերջին ռեկորդը՝ 69,4 միլիոն քվե, սահմանել էր դեմոկրատ Բարաք Օբաման 2008 թվականին:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում կայացել են նախագահի ընտրություններ, որոնցում երկրի գործող նախագահ Դոնալդ Թրամփի մրցակիցը դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ, երկրի նախկին փոխնախագահ Ջո Բայդենն է:
Քվեարկության արդյունքները դեռ չեն ամփոփվել, սակայն ավելի վաղ գործող նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել էր հանդես գալ հայտարարությամբ և հայտարարել ընտրություններում հաղթանակի մասին: Բացի այդ, գործող նախագահն ասել էր, որ ինքն արդեն հաղթել է: Թրամփը նաև նշել էր, որ դեմոկրատները փորձում են «գողանալ իր հաղթանակը»։