ԱՄՆ-ում Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ

ՀՀ արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ հոկտեմբերի 23-ին և 24-ին Միացյալ Նահանգներ աշխատանքային այցի շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ։ ԱԳ նախարարը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի նախագահ Քերոլայն Մուգարին, համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանին, համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունիին, Ամերիկայի հայ ազգային կոմիտեի նախագահ Րաֆֆի Համփարյանին, Կոմիտեի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համփարյանին և Հայ Դատի ազգային խորհրդի անդամ Անի Չաղլասյանին։

Նախարարն իր զրուցակիցներին է ներկայացրել Ադրբեջանի՝ Թուրքիայի անմիջական աջակցությամբ և օտարերկրյա զինյալ ահաբեկիչների ներգրավմամբ Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի արդյունքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրադրությունը և կրակի դադարեցման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։

Ամերիկայի հայկական համագումարի և Ամերիկայի Հայ Դատի գրասենյակի ներկայացուցիչները նախարարին ներկայացրել են Ամերիկայի համայնքի մտահոգություններն Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ, իրազեկել են իրենց կողմից ձեռնարկվող քայլերի ու հետագա ծրագրերի վերաբերյալ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել