Սահմանված վայրում առևտուր անելու համար անհիմն ենթարկել էին վարչական պատասխանատվության

ՀՀ Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ Ա/Ձ Լ.Հ.-ի` «Պատասխանողից 30.000 դրամ բռնագանձելու նպատակով վճարման կարգադրություն արձակելու» պահանջի մասին։ Պատասխանողի կողմից 13.06.2011թ. ՀՀ վարչական դատարան է ներկայացվել հակընդդեմ հայց ընդդեմ ՀՀ Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի` «Վարչական ակտը վերացնելու» պահանջի մասին։

Հայցվորը, դիմելով դատարան, հայտնել է, որ պատասխանողը, խախտելով ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 162 հոդվածի 1-ին մասի պահանջը` ոչ սահմանված վայրում կատարել է առևտուր։ Կատարված իրավախախտումը 07.04.2011թ. արձանագրվել է Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առևտրի, սպասարկումների և գովազդի բաժնի աշխատակիցների կողմից։ Պատասխանողը օրենքի նշված պահանջը խախտելու համար վարչական շրջանի ղեկավարի 21.04.2011թ. թիվ Վ-10/3 որոշմամբ ենթարկվել է վարչական տույժի և տուգանվել 30.000 դրամի չափով։

Պատասխանող Ա/Ձ Լ.Հ.-ն ՀՀ վարչական դատարան է ներկայացրել հակընդդեմ հայց, որով հայտնել է, որ Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի աշխատողների կողմից գրված արձանագրությունը և 30.000 դրամ տուգանքի որոշումը չի ստորագրել, որովհետև տվյալ վայրում առևտրի համար նախատեսված կրպակի դռան փեղկի ներսի կողմում գտնվող հարթակը «ոչ սահմանված վայր» չէ։

Սույն գործով դատարանը եզրակացրել է, որ պատասխանողի կողմից առևտուրն իրականացվել է առևտրի օբյեկտ հանդիսացող կրպակի միջոցով, որը հանդիսանում է առևտուր անելու համար «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված տեղ, վայր։ Ինչ վերաբերվում է պատասխանողի կրպակի հարևանությամբ, կրպակի դիմային մասում տեղադրված ապրանքներին, ապա հարկ է նշել, որ սույն վարչական գործով ապացուցման բեռը կրող վարչական մարմնի կողմից դատարանին չեն ներկայացվել համապատասխան ապացույցներ այդ վայրում առևտուրը պատասխանողի կողմից կատարվելու մասին։

Դատարանը վճռեց Ա/Ձ Լ.Հ.-ի հակընդդեմ հայցն ընդդեմ ՀՀ Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի` «Վարչական ակտը վերացնելու» պահանջի մասին, բավարարել. անվավեր ճանաչել Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի 21.04.2011թ. Վարչական իրավախախտման վերաբերյալ թիվ Վ-10/3 որոշումը։

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել