Խնամակալությունը, հոգաբարձությունը և պատրոնաժը սահմանվում են տարբեր կատեգորիայի անձանց նկատմամբ, որի հիմնական նպատակն է տվյալ անձանց իրավունքների իրականացմանն և պաշտպանությանը նպաստելը:
Եվ այսպես.
Խնամակալություն
Խնամակալություն սահմանվում է տասնչորս տարին չլրացած անչափահասների, ինչպես նաև հոգեկան խանգարման հետևանքով դատարանով անգործունակ ճանաչված քաղաքացիների նկատմամբ:
Խնամակալները խնամարկյալների ներկայացուցիչներն են օրենքի ուժով և նրանց անունից ու ի շահ նրանց կնքում են բոլոր անհրաժեշտ գործարքները:
Հոգաբարձություն
Հոգաբարձությունը սահմանվում է տասնչորսից մինչև տասնութ տարեկան անչափահասների, ինչպես նաև սահմանափակ գործունակ ճանաչված քաղաքացիների նկատմամբ:
Հոգաբարձուները համաձայնություն են տալիս այնպիսի գործարքներ կնքելու համար, որոնք հոգաբարձության ներքո գտնվող անձինք իրավունք չունեն ինքնուրույն կնքել:
Հոգաբարձուներն աջակցում են հոգաբարձության ներքո գտնվող անձանց` իրենց իրավունքներն իրականացնելիս և պարտականությունները կատարելիս, ինչպես նաև պաշտպանում են նրանց երրորդ անձանց չարաշահումներից:
Պատրոնաժ
Չափահաս գործունակ քաղաքացու խնդրանքով, որը վատառողջ լինելու պատճառով չի կարող ինքնուրույն իրականացնել ու պաշտպանել իր իրավունքները և կատարել պարտականությունները, նրա նկատմամբ կարող է սահմանվել պատրոնաժ:
Պատրոնաժ սահմանելը չի հանգեցնում քաղաքացու իրավունքների սահմանափակման:
Խնամակալության և հոգաբարձության մարմինը չափահաս գործունակ քաղաքացու պատրոն (օգնական) նշանակում է տվյալ քաղաքացու համաձայնությամբ:
Չափահաս գործունակ քաղաքացու գույքը տնօրինում է պատրոնը (օգնականը)` քաղաքացու հետ կնքված հանձնարարության կամ հավատարմագրային կառավարման պայմանագրի հիման վրա: Քաղաքացու ապրուստի ու նրա կենցաղային կարիքների բավարարմանն ուղղված կենցաղային և այլ գործարքները պատրոնը (օգնականը) կնքում է քաղաքացու համաձայնությամբ:
Աղբյուրը` Իրավաբան.net