Վրաստանի եկամուտների ծառայությունը պաշտոնապես հերքել է ադրբեջանական լրատվամիջոցի տարածած ապատեղեկատվությունը։ Այս մասին հայտնում են Վրաստանում Հայաստանի դեսպանատնից։
«Կից ներկայացնում ենք Վրաստանի եկամուտների ծառայության հայտարարությունը։
Դեպի Հայաստան ուղևորվող բեռնատարի մաքսային վերահսկողության ընթացքում որևէ ռազմական նշանակության բեռի հայտնաբերման փաստ չի արձանագրվել:
Այսօր լրատվամիջոցներից մեկը ապատեղեկատվություն է տարածել, իբրև թե, «Կազբեգի» մաքսային անցակետում կանխվել է Հայաստանի ուղղությամբ ռազմական բեռի տեղափոխումը:
Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը տեղեկացնում է, որ Ռուսաստանի Դաշնությունից «Կազբեգի» մաքսային անցակետ մուտք է գործել այլ երկրի քաղաքացու կողմից վարած՝ միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող բեռնատարը:
Մաքսային ծառայողների կողմից ռիսկի գնահատման և վերլուծության հիման վրա, որոշակի չափանիշներից ելնելով, տվյալ տարանցիկ բեռը ենթարկվել է մաքսային վերահսկողության համապատասխան ընթացակարգերի:
Ընդ որում, հետագա մաքսային վերահսկողության շրջանակներում, ապրանքի փաստաթղթերի, կամերային ստուգման և ապրանքի վիզուալ զննության արդյունքում որևէ ռազմական նշանակության բեռ չի հայտնաբերվել, և, համապատասխանաբար, օրինախախտման դեպք տեղի չի ունեցել:
Նշված փոխադրամիջոցի կողմից Վրաստանի մաքսային սահմանի հատումը հաստատվել է, և այն շարունակել է շարժվել դեպի հաջորդ նպատակակետը»։