Արտակ Գալստյանն առաջադրված մեղադրանքներում ճանաչվել է անպարտ և արդարացվել

Իրավաբան.net  կայքը դիմում է ստացել  թիվ  ԵԱՆԴ/0061/01/16 քրեական գործով արդարացված՝  Արտակ Գավրուշայի Գալստյանից և նրա պաշտպան Սուսաննա Սարգսյանից, որը ներկայացնում ենք ստորև․

ԴԻՄՈՒՄ

(ՀՀ Քրեական Դատավարության օրենսգրքի  66-րդ հոդվածի  9-րդ մասի   2-րդ  կետի  հիմքով ՝ Արդարացվածի   գործով կայացված վերջնական որոշման մասին հայտնելու  խնդրանքով )

26.05.2016թ-ին  ՀՀ Հատուկ Քննչական Ծառայությունում քննվող  քրեական գործի շրջանակներում  Արտակ Գալստյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով խոշոր չափի գույք հափշտակելու նպատակով իր ծանոթ՝ շորթում կատարելու կասկածանքով ձեռբակալված Անի Արթուրի Հովհաննիսյանի եղբայր՝ Գոռ Հովհաննիսյանին դրդել է իր միջոցով առանձնապես խոշոր չափի՝ 2.390.000 ՀՀ դրամին համարժեք 5000 ԱՄՆ դոլար կաշառք տալ՝ իբր իրավասու պաշտոնատար անձին, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցանքներն ավարտին չեն հասվել, քանի որ Գոռ Հովհաննիսյանը հրաժարվել է վճարել պահանջված գումարը, այսինքն Արտակ Գալստյանը կատարել է խոշոր չափերով խարդախության փորձ և առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու նախապատրաստություն:

01.04.2019թ-ին  Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը նախագահությամբ

դատավոր Դ.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ , առաջնորդվելով ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով  վճռել է՝

«Արտակ Գավրուշայի Գալստյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 35-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքներում  ճանաչել անպարտ և արդարացնել` արարքում հանցակազմի բացակայության հիմքով»:

Սույն դատավճիռը գլխավոր դատախազության կողմից բողոքարկվել է ՀՀ Վերաքննիչ Քրեական դատարան:

01.07.2020թ-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը՝ Նախագահությամբ դատավոր Ա. Նիկողոսյանի, մասնակցությամբ ՝ դատավորներ Ս.Համբարձումյանի և  Լ. Աբգարյանի   որոշել է՝

«ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ քննության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ Ա.Շահբազյանի վերաքննիչ բողոքը մերժել՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ թիվ ԵԱՆԴ/0061/01/16 քրեական գործով 2019 թվականի ապրիլի 1-ի դատավճիռը թողնելով անփոփոխ»:

Վերաքննիչ դատարանը իր որոշման 13-րդ կետում  նաև  արձանագրել է հետևյալը ՝

«Վերաքննիչ դատարանի գնահատմամբ Առաջին ատյանի դատարանում հետազոտված ապացույցների համակցությունը բացառում է Արտակ Գավրուշայի Գալստյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 35-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանք կատարելու ողջամիտ հավանականությունը»: 

Վերաքննիչ քրեական դատարանի սույն որոշումը գլխավոր դատախազության  կողմից  չի բողոքարկվել, և 28.08.2020 թ-ին ստացել է օրինական ուժ:

Ըստ այդմ  Արտակ Գավրուշայի Գալստյանը թիվ  ԵԱՆԴ/0061/01/16 քրեական գործով դատարանի վճռով արդարացվել է:

Ըստ ՀՀ Քրեական դատավարության  օրենսգրքի 66-րդ հոդվածի  

Արդարացվածը

  1. Արդարացված է այն անձը, որի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել կամ քրեական գործով վարույթը կարճվել է սույն օրենսգրքի 35 հոդվածի առաջին մասի 1-3-րդ կետերով և երկրորդ մասով նախատեսված որևէ հիմքով, կամ որի նկատմամբ կայացվել է արդարացման դատավճիռ:

(……)

  1. Արդարացվածի պահանջով`

1) դատարանը կամ քննություն իրականացնող մարմինները պարտավոր են այդ մասին երկշաբաթյա ժամկետում  հայտնել անձի նախկին և ներկա աշխատանքի, ուսման, բնակության վայր.

2) լրատվության միջոցը, որը հրապարակել է քրեական գործի վարույթով կասկածյալին կամ մեղադրյալին  նշանակվող տեղեկություններ, պարտավոր է մեկ ամսվա ընթացքում հայտնել գործով կայացված վերջնական որոշման մասին:

  1. Քրեական հետապնդման մարմինը պարտավոր է գրավոր ներողություն հայցել արդարացվածից:

Iravaban.net  կայքում 

https://iravaban.net/128656.html,

https://iravaban.net/128658.html,

https://iravaban.net/128971.html

https://iravaban.net/130490.html,

https://iravaban.net/145936.html հղումներով  հրապարակվել է  Արտակ Գալստյանին  նշանակվող տեղեկություններ  կապված այն քրեական գործի հետ, որով որ վերջինս արդարացվել է:

Արտակ Գալստյանի վերաբերյալ  քննված քրեական գործի վերջնական արդյունքի մասին կարող էք տեղեկանալ http://www.datalex.am/?app=AppCaseSearch&case_id=1125899906903457 հղումով:

Հայտնելով մեր շնորհակալությունը iravaban.net կայքի խմբագրին և աշխատակազմին Արտակ Գալստյանի վերաբերյալ քրեական գործը լուսաբանելու համար, ինչպես նաև առաջնորդվելով  ՀՀ Քրեական Դատավարության օրենսգրքի  66-րդ հոդվածի  9-րդ մասի   2-րդ  կետով ՝ 

Խնդրում  ենք

մեկ ամսվա ընթացքում,  iravaban.net կայքում  հայտնել գործով կայացված վերջնական որոշման մասին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել