«Analitik.am»-ի գործով կալանավորված Արտակ Գալստյանը ոստիկանական կարգապահական հանձնաժողովում է եղել

Մինչ այս տեղեկացրել էինք, որ «analitik.am» լրատվական կայքի աշխատակիցների կողմից ԱԺ պատգամավորից գումար շորթելու վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում կալանավորված Վանոյի Արտակ մականունով հայտնի Արտակ Գալստյանը ՀՀ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում է եղել:

ՀՀ ոստիկանությունից փորձեցինք պարզել, թե մինչև երբ է նա ընդգրկված եղել այս հանձնաժողովում:

Մեզ պարզաբանեցին, որ 2015թ. հունվարի 12-ի հանձնաժողովում ՀԿ-ների ընտրության համար հայտեր ներկայացնելու առաջին հայտարարությունն է եղել, հունվարի 21-ի «Ֆիդես» ՀԿ-ն հայտ է ներկայացնել՝ նշելով, որ իրենց կազմակերպությունը հանձնաժողովում կներկայացնի Արտակ Գալստյանը:

Քանի որ կազմում պետք է ընդգրկվեն 5 հասարակական կազմակերպություն և այդ ընթացքում նման քանակի ՀԿ-ներ հայտ չեն ներկայացնել, ոստիկանությունը կրկին հայտարարություն է տարածել մի քանի անգամ, ի վերջո 5-րդ ՀԿ-ն դիմել է, կազմը ուղարկել են կառավարություն, որն էլ հաստատել է վարչապետը՝ նախորդ տարվա հունիս ամսին:

 Կարգապահական հանձնաժողովը գործել է մինչև այս տարվա փետրվար ամիսը, հետո ձևավորվել է նորը, որտեղ այս նոր կազմակերպությունը չի եղել:

Նաև պարզաբանեցին, որ հանձնաժողովում ոչ թե անձի են ընդգրկում այլ կազմակերպության ներկայացուցչի, տվյալ պարագայում Արտակ Գալստյանի անունը եղել է հենց հայտի մեջ՝ նշվել է, որ ՀԿ-ն կներկայացնի հենց նա:

Նշենք նաև, որ ներկայումս կարգապահական հանձնաժողովի կազմի հաստատման կարգը փոխվել է, այս գործառույթը վերապահվել է ոստիկանապետին:

Հիշեցնենք, որ ըստ ՀՔԾ-ի Արտակ Գալստայանը կասկածվում է 2015թ. աշնանը «analitik.am» կայքի տնօրեն Անի Հ.-ի հետ, նախնական համաձայնությամբ, խմբով, մեկ այլ քաղաքացուց առանձնապես խոշոր չափի շորթում կատարելու մեջ:

Ա. Գալստյանը տնօրինում և կազմակերպում է ինչպես «analitik.am», այնպես էլ՝ «crimenews.am», «armcrimenews.com» լրատվական կայքերի գործունեությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել