Տիգրան Ավինյանը մտահոգություն է հայտնել վերջին օրերին կորոնավիրուսով վարակվածների թվի աճի վերաբերյալ և հորդորում է շարունակել կրել դիմակ

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,
Արդեն 10 օրից ավել է՝ Հայոց բանակը պայքար է մղում ադրբեջանաթուրքական ագրեսորների ու նրանց վարձկան-ահաբեկիչների դեմ՝ հանուն բոլորիս ապրելու իրավունքի և Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի հարատևության։ Այս օրերին պետք է ամեն կերպ աջակցենք առաջնագծում կանգնած մեր հերոս զինվորներին: Իսկ առաջնագիծն ամուր է, երբ ամուր է թիկունքը։

Չափազանց մեծ մտահոգությամբ պետք է նշեմ, որ վերջին օրերին մենք ունենք կորոնավիրուսով վարակվածների թվի շեշտակի աճ: Եթե այս միտումը շարունակվի, ապա լրջագույն խնդիրներ կստեղծվեն մեր առողջապահական համակարգի համար:

Արդյունքում, ունենալու ենք թե՛ մարտական գործողությունների ժամանակ վիրավորվածների, թե՛ կորոնավիրուսով վարակված բազմաթիվ հայրենակիցների բժշկական սպասարկման կարիք, ինչը կարող է հանգեցնել առողջապահական համակարգի ռեսուրսների գերլարման:
Մեր բժիշկներն արդեն քանի ամիս է աշխատում են 24/7 ռեժիմով՝ գերնպատակ ունենալով լավագույնս սպասարկել յուրաքանչյուր պացիենտի։ Հետևաբար, եթե ցանկանում ենք, որ՝

Մարտական գործողությունների արդյունքում վիրավորված զինվորներն ու քաղաքացիները ստանան լավագույն բուժսպասարկումը,
Կորոնավիրուսով վարակված պացիենտները ստանան պատշաճ ծառայություն,
Տնտեսությունը շարունակի գործել՝ ապահովելով առաջնագիծն անհրաժեշտ ամեն ինչով,
ապա անհրաժեշտ է անել ամեն ինչ չվարակվելու համար, այն է՝ սրբորեն հետևել սանիտարահամաճարակային բոլոր կանոններին, որոնք, վստահաբար, բոլորս գիտենք։

Հետևաբար, խնդրում, հորդորում ու պահանջում եմ լինել ծայրահեղ զգոն և ուշադիր, շարունակել կրել դիմակ, պահպանել առնվազն 1,5 մետր հեռավորություն, պարբերաբար ախտահանել ձեռքերը և զերծ մնալ անհարկի շփումներից:
Հետևե՛նք հակահամաճարակային կանոններին,
Կանխե՛նք հիվանդության տարածումը,
Ամուր պահե՛նք մեր թիկունքը,
Քանի որ անխուսափելիորեն հաղթելու ենք»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել