Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել բուհերի ռեկտորների խորհրդի նիստը, որը վարել է նախարար Արայիկ Հարությունյանը:
Այս մասին տեղեկանում ենք Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից:
Քննարկվել են պատերազմի, ինչպես նաև կորոնավիրուսի պայմաններում բուհերում առկա խնդիրներն ու ստեղծված իրավիճակից բխող անհրաժեշտ գործողությունների իրականացման հարցը։
Նախարարն ընդգծել է ստեղծված իրավիճակում բուհերի՝ որպես առավել մեծ թվով շահառու ունեցող հաստատությունների առանցքային նշանակությունը։ Ա. Հարությունյանն անդրադարձել է կորոնավիրուսով պայմանավորված խնդիրներին՝ կոչ անելով պատշաճ ուշադրություն դարձնել հակահամաճարակային կանոնների պահպանմանը` դրանով նաև աջակցելով բուժհաստատություններին։
Նախարարը կարևորել է նաև պատերազմի պայմաններում բուհերի բնականոն աշխատանքը ապահովելու, քաղպաշտպանության հետ կապված հարցերը կարգավորելու և այդ գործում ուսանողների ներգրավվածությունը խրախուսելու ուղղությունները:
Ռեկտորներն իրենց հերթին ներկայացրել են առկա խնդիրների լուծման նպատակով իրականացված գործողությունները: Նշվել է, որ ստեղծված իրավիճակում ուսումնական հաստատությունները ներգրավված են կամավորական աշխատանքներում. ուսանողները և դասախոսները շարունակական աջակցություն են ցուցաբերում դրա կարիքն ունեցող անհատներին և կառույցներին, կազմակերպում տարաբնույթ ակցիաներ:
Նիստի ընթացքում բարձրացվել է նաև հեռակա սովորող ուսանողների և դիմորդների հարցը, քանի որ նրանց շարքում կան զորակոչվածներ և հայրենիքի պաշտպանությանը կամավոր զինվորագրվածներ:
Քննարկվել է զորակոչված քաղաքացիների համար բուհերի հեռակա համակարգի ընդունելությունը պատերազմից հետո առանձին կազմակերպելու հարցը։