Անազատության մեջ Գագիկ Ծառուկյանը զուտ տեխնիկապես չի կարող ինչ-որ քայլեր անել. Արման Աբովյան

Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Ազգային Ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանն անդրադարձավ Գագիկ Ծառուկյանի կալանքի վերանայման անհրաժեշտության հարցին:

«Բոլորս էլ պատկերացնում ենք պարոն Ծառուկյանի ազդեցության մակարդակը նվազագույնը արտաքին ճակատում, և համոզված եմ, որ այն կոչերը, այն դիրքորուշումը, որն արտահայտվում է այսօր կոչերով, որ Հայստանում պետք է լինի համախմբում, դա պետք է լինի նաև գործնականում, որոշ քայլերի շնորհիվ»,- ասաց պատգամավորը:

Արման Աբովյանի խոսքով՝ հիմա Հայաստանում և Արցախում այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ Գագիկ Ծառուկյանը միանշանակ պետք է լինի ազատության մեջ:

«Այն ինչ կարող է անել Ծառուկյանը՝ ոչ ոք չի կարող անել, ես դա վստահ եմ ասում: Այն կապերը, որն ունի պարոն Ծառուկյանը, դրանք պարզապես անգնահատելի են»,- շեշտեց պատգամավորը:

Նա հույս հայտնեց, որ համախմբման գործընթացները կլինեն իրական, որը նաև կարտահայտվի Գագիկ Ծառուկյանի ազատմամբ:

«Անազատության մեջ Գագիկ Ծառուկյանը զուտ տեխնիկապես չի կարող ինչ-որ քայլեր անել: Պատերազմի մեջ մենք բոլոր հնարավոր և անհնարին ջանքերը պետք է օգտագործենք, որ հասնենք հաղթանակի»,- ասաց Արման Աբովյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել