Ադրբեջանը ցանկանում է, որ Թուրքիան ապագա Կովկասյան խաղաղ գործընթացի մաս լինի

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկուշաբթի օրը թուրքական պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է, որ Թուրքիան հնարավոր ապագա հրադադարից հետո պետք է ներգրավվի Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի խաղաղ գործընթացում:

«Թուրքիան պետք է անպայման մասնակցի առաջիկա խաղաղ գործընթացին: Խաղաղ գործընթացը իհարկե սկսվելու է: Բախումները չեն կարող հավերժ շարունակվել, ուստի որքան շուտ, այնքան լավ», – ասել է Ալիևը TRT Haber-ի եթերում:

«Թուրքիան … մեծ համաշխարհային ներուժ է … և Հարավային Կովկասի համար հարևան», – ասել է նա՝ ավելացնելով, որ Անկարայի դիրքորոշումը «նախազգուշացում» է մյուսների համար:

Ալիևը նշել է, որ հրադադարը հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե Ադրբեջանը միջազգային երաշխիքներ ստանա և Հայաստանից «կոնկրետ ժամանակացույց» իր զորքերը դուրս բերելու վերաբերյալ․ «Մենք այլ երկրի հողերի վրա աչք չունենք, բայց այն, ինչ մերն է, պետք է մերը լինի», – ասել է նա:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 4-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 14 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 124 անօդաչու թռչող սարք, 368 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 3154 զոհ, ավելի քան 5270 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 230 զոհ։

Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում վիրավորվել է 80 քաղաքացիական անձ, զոհվել՝ 19 մարդ, վնասվել՝ մոտ 2700 գույք ու ենթակառուցվածք։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել