ՌԴ ԱԳՆ-ն պահանջել է դուրս բերել վարձկաններին ու ահաբեկիչներին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության գոտուց: Այդ մասին ասվում է Ռուսաստանի ԱԳ նախարարության տարածած հայտարարության մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
«Ըստ ստացվող տեղեկությունների՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի է իրականացվում անօրինական զինված խմբավորումների, մասնավորապես՝ Սիրիայից, Լիբիայից զինյալների տեղափոխումը՝ մարտական գործողություններին անմիջական մասնակցելու նպատակով:
Խորապես մտահոգված ենք այս գործընթացներով, որոնք ոչ միայն հանգեցնում են հակամարտության գոտում լարվածության էլ ավելի մեծացմանը, այլև երկարաժամկետ սպառնալիք են ստեղծում տարածաշրջանի բոլոր երկրների անվտանգության համար:
Կոչ ենք անում շահագրգիռ պետությունների ղեկավարներին` գործուն միջոցներ ձեռնարկել հակամարտության մեջ օտարերկրյա ահաբեկիչների և վարձկանների օգտագործումը թույլ չտալու և տարածաշրջանից նրանց անհապաղ դուրս բերելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում: