Իրանի սահմանապահ ուժերի հրամանատարի տեղակալ, բրիգադային գեներալ Ղասեմ Ռեզային Հայաստանին և Ադրբեջանին նախազգուշացրել է խուսափել Իրանի սահմանամերձ շրջաններում սխալ նշանառությունից:
«Զգուշացնում ենք, որ ոչ մի գնդակ չպետք է արձակվի մեր սահմանների ուղղությամբ: Սխալմամբ երկու ական է ընկել մեր սահմանների մոտակայքում, և մենք տեղեկացրել ենք նրանց, հուսով ենք, որ հանգստություն կհաստատվի: Կոչ եմ անում Հայաստանին և Ադրբեջանին տարաձայնությունները կարգավորել բանակցությունների միջոցով»,- Fars գործակալության փոխանցմամբ՝ ասել է գեներալ Ռեզային: Վերջինս հավելել է, որ համապատասխան ծանուցում է ուղարկել երկու երկրների սահմանապահներին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ադրբեջանից արձակված 2 ական ընկել էր իրանական սահմանամերձ գյուղերից մեկում: