ՀԱՊԿ-ը Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման կապակցությամբ հայտարարություն է տարածել

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կայքում տեղադրվել է Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտության վերսկսման հետ կապված իրավիճակի մասին հայտարարություն:

Հայտարարության մեջ նշվում է․

«ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը լուրջ մտահոգություն ու անհանգստություն է հայտնում այս տարվա սեպտեմբերի 27-ին Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտության վերսկսման կապակցությամբ, որի ընթացքում երկու կողմից էլ կան զոհեր ու վիրավորներ, այդ թվում նաև խաղաղ բնակչության շրջանում: Խախտվել է հրադադարի ռեժիմը, օգտագործվում են ծանր զինատեսակներ, ներառյալ հրետանի, տանկեր ու ինքնաթիռներ, ինչպես նաև հարվածային ԱԹՍ-ներ:

Ստեղծված իրավիճակը չի նպաստում 1994 թ. կնքված հրադադարի համաձայնագրի և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շրջանակներում ուժի չկիրառման փոխադարձ պարտավորությունների իրագործմանը: Անհրաժեշտ է անհապաղ վերականգնել հրադադարի ռեժիմը և վերադառնալ բանակցային գործընթացին, որն անցկացվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը հնարավոր է միայն քաղաքական և դիվանագիտական ​​մեթոդներով:

Հավաքական անվտանգության խորհուրդը, ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհուրդը իրենց հայտարարություններում բազմիցս կողմերին կոչ են արել հասնել հակամարտային իրավիճակների կարգավորմանը բացառապես խաղաղ ճանապարհով և զերծ մնալ սադրիչ գործողություններից՝ լարվածության սրումը թույլ չտալու համար»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել