Ադրբեջանի արձակած 2 հրթիռ ընկել է իրանական Շարաֆ գյուղի մերձակայքում։ Այս մասին հաղորդում է Московский Комсомолец-ը՝ հղում անելով իրանական IRNA գործակալությանը:
Հրթիռների ընկնելու հետևանքով զոհեր չեն եղել: Տեղում աշխատելու են ուղարկվել իրանցի զինվորականները: Սոցցանցերում խոսվում է Իրանի տարածք Ադրբեջանից ընկած երեք հրթիռի մասին, որոնք հայտնաբերվել են Իրանի՝ հայ-ադրբեջանական հակամարտության գոտուն մոտ շրջաններում: Օգտատերերը չեն բացառում դիտավորությունը՝ նշելով, որ դա կարող է լինել Իրանին պատերազմի մեջ ներքաշելու փորձ:
Հիշեցնենք, որ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Արցախի ՊԲ-ում սեպտեմբերի 28-ի առավոտվա դրությամբ 58 զոհ կա։ Առաջին օրվա ճշտված տեղեկություններով՝ ադրբեջանական կողմն ունի մոտ 200 մարդկային կորուստ, կորցրել են նաև մոտ 30 զրահատեխնիկա և 20 ԱԹՍ։