Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիան խախտում է մարդասիրական իրավունքի բոլոր նորմերը. Հայաստանի ՔՀԿ-ների կառուցողական երկխոսության ցանց

Սեպտեմբերի 27-ին, վաղ առավոտյան Ադրբեջանը խախտելով հրադադարի ռեժիմը և միջազգային իրավունքի նորմերը, սահմանագծի ողջ երկայնքով նախաձեռնել է լայնածավալ ռազմաօդային և հրետանային ագրեսիվ հարձակումներ, որի հետևանքով Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետությանը հասցվել են տասնյակ մարդկային զոհեր և զգալի կորուստներ։ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի զոհ են դարձել Մարտակերտի, Մարտունու, Ստեփանակերտի և այլ քաղաքների ու գյուղերի խաղաղ բնակչությունը, որոնց թվում է նաև երեխա։ Ադրբեջանի ռազմական գործողությունների թիրախում է հայտնվել նաև Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքը, ինչպեսև քաղաքացիական օբյեկտներ, այդ թվում՝ դպրոցներ և տներ։ Նման պայմաններում, ակնհայտ կերպով խախտելով Ժնևի կոնվենցիաների և միջազգային մարդասիրական սովորութային իրավունքի նորմերի, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ստեղծել է իրական վտանգ կանանց, երեխաների և Արցախի ողջ բնակչության կյանքի ու առողջության համար: 

Ընդ որում, Ադրբեջանի կողմից այս մեծ ծավալով ռազմական ուժերի և տեխնիկայի ներգրավումը, ինչպես մի շարք այլ ապացույցներ վկայում են այն մասին, որ այս հարձակումը վերջիններս ծրագրավորվել էր վաղուց և ամենայն մանրամասնությամբ՝ Թուրքիայի օժանդակությամբ և մասնակցությամբ` նախապես։ 

Այս պատերազմական գործողությունները ոչ միայն կոպտորեն խախտում են մարդու հիմնարար իրավունքներն ու մարդասիրական նորմերը, այլև ուղղակիորեն հակասում են եվրոպական արժեքներին և ոգուն, որոնք առաջնային են դիտում մարդու կյանքի իրավունքը, խտրականության բոլոր ձևերի բացառումը, խոշտանգման արգելքը և խստորեն դատապարտում են ազգային ինքորոշմամբ պայմանավորված զանգվածային ոչնչացումները։ Նման գործողությունները չպետք է հանդուրժվեն, ավելի դրանք պետք է ստանան համարժեք գնահատականներ՝ ենթարկելով Ադրբեջանին իրավաքաղաքական պատասխանատվության։

Հայաստանի ՔՀԿ–ների կառուցողական երկխոսության ցանցը պատրաստ է տրամադրել իր ողջ ներուժը Արցախի և Հայաստանի իշխանություններին՝ նպատակ ունենալով բոլոր հնարավոր միջոցներով նպաստել Արցախի բնակչության անվտանգությանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, տարածաշրջանային կայունությանը և խաղաղության վերահաստատմանը։ 

Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներս խստագույնս դատապարտում ենք Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության պատերազմական գործողությունները Արցախի նկատմամբ, և կոչ է անում միջազգային հանրությանը՝ ՄԱԿ-ին, Եվրոպական Միությանը, ԵԱՀԿ Մինսկի համանախագահներին, ՆԱՏՈ-ին, Եվրոպայի խորհրդին և այլ շահագրգիռ կազմակերպություններին, հրատապ կերպով ձեռնարկել արդյունավետ միջոցներ՝ դադարեցնելու Ադրբեջանի կողմից հրահրված պատերազմական գործողությունները Արցախի նկատմամբ և ձեռնամուխ լինեն խնդրի՝ բացառապես խաղաղ կարգավորմանը բանակցությունների միջոցով։ 

Ծանոթություն 2019 թ. փետրվարին «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում Հայաստանում հիմնադրվեց Հայաստանի ՔՀԿ-ների կառուցողական երկխոսության ցանցը, որին անդամակցում են 250 ՔՀԿ-ների 14 կոալիցիաներ։

Հայաստանի ՔՀԿ-ների կառուցողական երկխոսության ցանց

«27» սեպտեմբերի, 2020

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել