Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մարկոնի հետ:
ՀՀ վարչապետը հայտնել է, որ Ադրբեջանն այսօր ռազմական գործողություններ է սկսել Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով: Նա խոր մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակով և դրա հետագա սրմամբ: Մասնավորապես ընդգծվել է, որ Ադրբեջանը դիմում է սադրանքների Հայաստանի Հանրապետության հետ պետական սահմանի ուղղությամբ ևս ռազմական գործողություններ սկսելու համար: ՀՀ վարչապետը զրուցակցի ուշադրությունն առանձնակի հրավիրել է Թուրքիայի խիստ կողմնակալ և ագրեսիվ դիրքորոշման և այդ երկրի հնարավոր միջամտությունը կասեցնելու անհրաժեշտության վրա:
Նախագահ Մակրոնը խոր մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակով և անթույլատրելի համարել լարվածության հետագա խորացումը: Նա անհրաժեշտ է համարել ձեռնարկել բոլոր միջոցները ռազմական գործողությունները դադարեցնելու և լարվածությունը լիցքաթափելու ուղղությամբ: Նա նաև կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերի ակտիվացումը տարածաշրջանում խաղաղություն վերահաստատելու համար: