Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարություն է արել Ադրբեջանի կողմից Արցախում սանձազերծված գործողությունների վերաբերյալ: Տուսկն այս մասին գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:
«Մենք շատ մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններով: Եկեք անենք մեր ուժերից կախված ամեն ինչ, որպեսզի հակամարտությունը չվերածվի շարունակական պատերազմի: Մենք կոչ ենք անում կողմերին՝ պահպանել երկխոսությունը: Երկխոսության միակ այլընտրանքը աղետ է ողջ տարածաշրջանի համար և դրանից դուրս»,-նշել է Տուսկը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել: Ստեփանակերտը հայտարարել է, որ պատասխանը լինելու է համաչափ, և իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը և անձամբ Իլհամ Ալիևը: