Գիտնականները նոր կորոնավիրուսի իմունային արձագանք են հայտնաբերել այն մարդկանց մոտ, որոնք երբևէ շփում չեն ունեցել կորոնավիրուսի՝ համաճարակ առաջացրած այս տեսակի հետ։ Այս մասին գրել է British Medical Journal-ը։
Կատարվել է 6 տարբեր ուսումնասիրություն։
Պարբերականի փոխանցմամբ՝ կորոնավիրուսի հետ չշփված մարդկանց 20-50%-ի մոտ իմունային արձագանք է գրանցվել։ Օրինակ՝ ուսումնասիրվել են 2015-2018 թվականներին Միացյալ Նահանգներում վերցված արյան նմուշները, դրանց 50%-ը ցույց է տվել կորոնավիրուսի նկատմամբ արձագանք: Նիդերլանդներից արյան նմուշների ուսումնասիրությունն արձագանք է ցույց տվել 10-ի 2-ի մոտ: Գերմանիայում իմունային արձագանքը հայտնաբերվել է 68-ից 23-ի մոտ: Թեև այս քանակով ուսումնասիրությունները բավարար չեն և իմունային արձագանքների մասին հստակ գնահատականներ չեն տալիս, դրանք բարդ է անտեսել։ Այն կարող է փոխել պատկերացումները համաճարակի տարածման տեմպերի մասին։
Այժմ անհրաժեշտ է բացահայտել իմունային պատասխանի ծագումը։ Հնարավոր վարկածներից մեկը մրսածություն առաջացնող կամ անհայտ, կենդանական ծագման կորոնավիրուսի այլ տեսակների հետ կոնտակտից առաջացած իմունիտետն է։