Եկեք պատմեմ, թե ինչպես է ընթանում իմ վերականգնումը: Սա պարզ ճանապարհ է, չնայած երկար: Այս մասին հայտարարություն է տարածել ՌԴ ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին։
«․․․Բոլորովին վերջերս ես չէի ճանաչում մարդկանց և չէի հասկանում ինչպես խոսել: Ամեն առավոտ բժիշկը գալիս էր ինձ մոտ և ասում. Ալեքսեյ, ես գրատախտակ եմ բերել, արի հասկանանք, թե ինչ բառ գրել դրա վրա: Սա ինձ հուսահատության մեջ գցեց, քանի որ չնայած ես արդեն ընդհանուր առմամբ հասկանում էի, թե ինչ է ուզում բժիշկը, բայց ես չէի հասկանում, թե որտեղից կարող եմ գտնել բառերը: Որտեղից են դրանք հայտնվում գլխում»,-նշում է նա
Նավալնիի խոսքով՝ նա չգիտեր, թե ինչպես պետք է արտահայտի իր մտքերը, հետևաբար, պարզապես լռում էր։
«Հիմա ես մի տղա եմ, որի ոտքերը ցնցվում են աստիճաններով բարձրանալիս, բայց նա մտածում է. «Oh, սա ախր սանդուղք է: Բարձրանալ դրանով․․․ Միգուցե վերելակ փնտրենք»:
․․․Այսպիսով, դեռ շատ խնդիրներ կան լուծելու, բայց Բեռլինի «Չարիտե» համալսարանական հիվանդանոցի զարմանալի բժիշկները լուծեցին հիմնական խնդիրը․․․»,-գրել է նա։
Հիշեցնենք, որ Նավալնիի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր օգոստոսի 20-ին Տոմսկից Մոսկվա թռչելիս: Նրան տեղափոխող ինքնաթիռն արտակարգ վայրէջք էր կատարել Օմսկ քաղաքում, ուր նրան հոսպիտալացրել են շտապ օգնության թիվ մեկ հիվանդանոց: Հիվանդանոցի մասնագետները Նավալնիի օրգանիզմում թույնի հետքեր չէին հայտնաբերել: Ըստ նրանց՝ հետազոտությունները միայն ալկոհոլի և կոֆեինի հետքեր են ցույց տվել: Հայտնի է, որ չվերթից առաջ Նավալնին թեյ է ըմպել օդանավակայանի սրճարանում:
Օգոստոսի 22-ին Նավալնիին ինքնաթիռով տեղափոխել են Բեռլինի Charite հիվանդանոց, որի մասնագետներն ավելի ուշ հայտարարել էին վերջինիս թունավորման մասին, իսկ Գերմանիայի զինված ուժերի մասնագետները մաշկի, արյան և մեզի նմուշների մեջ «Նովիչոկ» խմբին պատկանող թունավոր նյութի հետքեր էին հայտնաբերել: