Ի պատասխան ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքի մասին Բիայնա Մահարի ֆեյսբուքյան օգտատիրոջ երեկվա գրառմանը կենտրոնից հայտնում են․ «Բիայնա Մահարին միջադեպից հետո իր բողոքն է ներկայացրել ՈՒԱԿ-ի փոխտնօրեն Արթուր Ավետիսյանին, ինչից հետո կենտրոնում ձեռնարկվել են օրենքով սահմանված բոլոր քայլերը։
Վերակենդանացման բաժանմունքի չորս աշխատակիցներից պահանջվել է գրավոր բացատրագիր, և չնայած որ աշխատակիցները իրենց բացատրագրերում հերքել են օգտատիրոջ պնդումները, ստացել են գրավոր նկատողություն բողոքող կողմի կարծիքի հիմքով։
Աշխատակիցներից մեկն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից, ինչպես նաև աշխատանքի է ընդունվել նոր ավագ ռեանիմոտոլոգ, որը պետք է ավելի արդյունավետ վերահսկի կարգապահությունը բաժանմունքում։
Եվս մեկ անգամ հայցում ենք Բիայնա Մահարիի և նրա ընտանիքի անդամների ներողամտությունը, և հայտնում ենք մեր ցավակցությունը իրենց կորստի կապակցությամբ և վստահեցնում, որ կենտրոնի տնօրինությունը ամենօրյա ռեժիմով ջանքեր է գործադրում ՈՒԱԿ-ում բուժօգնության որակը, ինչպես նաև բուժաշխատողների բարեվարքության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ»:
Հիշեցնենք, որ Բիայնա Մահարի անունով օգատատերը ֆեյսբուքյան իր էջում գրել էր․ «Երկու շաբաթա մտածում եմ ոնց գրեմ էս պոստը որ կարդաք մինչև վերջ չնայած թեմային ու որ գրածս մի բան փոխի… բայց եթե քաղցկեղի մասին կարդալը բարդ է` գրելը շատ ավելի բարդ է ու երևի դա է պատճառը, որ գրող ու խոսացող չկա.
Ինչպես շատերը գիտեն մեր քաղաքում կա քաղցկեղով զբաղվող մասնագիտական հիվանդանոց` Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոն / National Center of Oncology – Armenia , ու տրամաբանական է, որ այն ունի վերակենդանացման բաժանմունք, բայց այստեղ տրամաբանությունը ավարտվում է, որովհետև ես չեմ կարող հասկանալ որ տրամաբանությամբ է հնարավոր 4 ժամ սպասել բժիշկին, երբ բերում ես հիվանդին Վերակենդանացման բաժին ու ոնց կարողա մի ժամ Վերակենդանացման բաժնում բուժքույր ընդհանրապես չլինի, որովհետև “անալիզները վերցրել գնացել են”.. կամ որ տրամաբանությամբ է այդտեղ գործի ընդունվել մարդ, ում երբ հիվանդը գիշերը ջուր է խնդրում պատասխանում է “սանատորիա չես ստեղ եկել”, կամ միգուցե կա ինչ-որ տրամաբանություն կովիդի ժամանակ Վերակենդամացման բաժնում ոչ մի դիմակով բժիշկ չլինելու մեջ? կամ նրա մեջ, որ Վերակենդանացման բաժնի հիվանդներին կերակրելու պետք է գան բարեկամները ու միայն կոնկրետ ժամերին, իսկ երբ ժամից դուրս ասում ես, որ մեր հիվանդը հիմա լավ չի զգում, եթե չկերակրենք վիճակը ավելի կվատանա` պատասխանում են “դու ինձ տենց բաներով մի վախացրու”, իսկ հետո հրաժարվում են ասել ինչ դեղորայք են ներարկել հիվանդին?
Դե լավ գոնե Վերակենդանացման բաժնի ներսում բաց դռնով սենյակում ծխող բժիշկը գոնե լռիվ նոռմալա, չէ՞։
Չգիտեմ, չգիտեմ ում համարա դա նոռմալ, չգիտեմ ովքեր են այդ առեղծվածային մարդիկ այդքան դատարկ հոգիներով:
Արսեն Թորոսյան, պարզապես ուզում եմ հույս ունենալ որ ՀՀ առողջապահության նախարարությունը ուղղակի չի պատկերացնում ինչա կատարվում այդ հիվանդանոցում, հույս ունենալ որ Ձեր ինչ-որ կախարդական փայտիկի շարժումով ամեն ինչ կփոխվի ու էլ ոչ ոք երբևէ չի անցնի այդ դժողքի միջով մի հիվանդանոցում որտեղ ի սկզբանե ամենախոցելի հիվանդներն են…
Մենք էլ այդ մի օրվա կորուստը երբեք հետ չենք բերի, բայց խնդրում եմ թող էլ ոչ ոքի վերջին օրերից մեկը այդպիսինը չլինի…»։