«Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումներ են կատարվել:Դրանց համաձայն՝ արգելվել է որոշ պոլիէթիլենային պարկերի վաճառքը:
Փոփոխությամբ սահմանվում է, որ առևտրի օբյեկտներում, առևտրի իրականացման վայրերում, շրջիկ առևտրի կետերի միջոցով, շրջածախ առևտրի միջոցով, ինչպես նաև բացօթյա առևտրի իրականացման դեպքում մանրածախ առևտուր իրականացնելիս` թաղանթի մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների (բացառությամբ կշռափաթեթավորման համար օգտագործվող պարկերի և երկրորդային հումքից արտադրված պարկերի և տոպրակների) վաճառքը (իրացնելը) արգելվում է։
Նշենք, որ կշռափաթեթավորումը ապրանքատեսակի գնման (վաճառքի), սանիտարահիգիենիկ նորմերի, որակական հատկությունների, ամբողջականության ապահովման, ինչպես նաև կշռող սարքի օգտագործմամբ իրականացվող առևտրային գործարքների ժամանակ օգտագործելու նպատակով իրականացվող փաթեթավորումն է:
Oրենքում կատարված փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2022 թվականի հունվարի 1-ից: