Եվրախորհրդարանը հրաժարվել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի ընտրված նախագահ ճանաչել, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը ՝ վկայակոչելով ընդունված բանաձևը: Սեպտեմբերի 17-ի նստաշրջանում պատգամավորները պահանջեցին պատժամիջոցներ կիրառել Բելառուսի և Ռուսաստանի այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր «սատարում են Լուկաշենկոյին»:
«Եվրախորհրդարանը կոչ է անում ԵՄ Խորհրդին անհապաղ <…> սահմանել լայն և արդյունավետ պատժամիջոցներ այն բելառուսցիների նկատմամբ, որոնք մեղավոր են ընտրակեղծիքների, բռնությունների և բռնաճնշումների համար …ընդգրկել այդ ցանկում այն ռուսներին, որոնք ներգրավված են եղել կամ օժանդակել են Բելառուսում Լուկաշենկոյի ռեժիմին», – նշվում է ընդունված բանաձևում:
Պատգամավորները նաև կոչ են արել Եվրամիությանը սառեցնել միջոցների ցանկացած փոխանցում և դադարեցնել Բելառուսին վարկեր տրամադրելը:
Հիշեցնենք, որ Եվրախորհրդարանի բանաձևերը հանձնարարական բնույթ են կրում և կատարման համար պարտադիր չեն նույնիսկ Եվրամիության ինստիտուտների կողմից: