Այսօր Երևան քաղաքի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ շարունակվեց անցյալ տարվա հունիսին «Հարսնաքար» ռեստորանային համալիրում ռազմական բժիշկ Վահե Ավետյանին եւ նրա ընկերներին բռնությունների ենթարկած, Վահեի Ավետյանին մահ պատճառած Գարիկ Մարգարյանի, Նորայր Հայրապետյանի, Դավիթ Ադամյանի, Արման Խաչատրյանի, Արման Բաղդասարյանի, Արթուր Բաբլոյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը:
Մինչև «Հարսնաքար» ռեստորանային համալիր մատուցող, գործով ամբաստանյալ Դավիթ Ադամյանի հարցաքննությունը, տուժող Վահե Ավետյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը միջնորդեց Դավիթ Ադամյանին լսել առանց մյուս ամբաստանյալների ներկայությամբ: Նրա խոսքով՝ ամբաստանյալն իրենց ներկայցությամբ կարող է կաշկանդված լինել ցուցմունք տալուց:
Գործով դատախազ Արթուր Դավթյանը չառարկեց: Պաշտպանական կողմի փաստաբանները դեմ էին: Նրանք դատարանին հայտնեցին, որ ամբաստանյալի հարցաքննությունն առանց մյուս ամբաստանյալների տեղի է ունենում միայն բացառիկ դեպքերում: Նրանց կարծիքով՝ սա այդ դեպքը է: Դատարանը միջնորդությունը մերժեց:
Ամբաստանյալ Դավիթ Ադամյանը դատարանին հայտնեց, որ 4 տարի «Հարսնաքար» ռեստորանային համալիրում աշխատել է որպես մատուցող: Ամուսնացած է, ունի երկու տարեկան դուստր: 2012 թվականի հունիսի 17-ին երեկոյան ժամը 9-9:30 մոտ իրեն է մոտենում երգիչ Դավիթը: Ասում է, որ ընկերներն են գալիս, սեղան է հարկավոր: Մատուցողը տեղեկացնում է, որ մի սեղան կա ազատ, բայց մուտքի դիմացն է:
«Պատվիրելով միրգ, ջրեղեն՝ ասում է, որ կերած խմած գալիս են: Պատրաստում եմ, սեղանը դնում եմ, սպասում ենք իրենց գալուն: Մոտ մի կես ժամ անց գալիս են Դավիթի ընկերները: Մոտենում եմ և ուղեկցում եմ սեղանի մոտ: Իրենց մինչև ուղեկցում եմ, հետևիցս Վահե Ավետյանը և Դիանան մոտենում են ինձ և զուգարանի տեղն են հարցնում: Այդ ժամանակ իրենց հայտնում եմ, որ սպորտային հագուստով չի թույլատրվում մուտքը»,- պատմեց Դավիթ Ադամյանը:
Ամբաստանյալի խոսքով՝ այդ խոսքից հետո Վահե Ավետյանը, հայհոյելով իրեն, հաշիվն է ուզել հեռանալու համար: Մինչև ինքը հաշիվը կբերեր, Վահե Ավետյանը միացած է եղել ընկերներին: Վահեն հարցրել է, թե իրենց պատվիրածն ինչ պետք է լինի, մատուցողը պատասխանել է, որ կարող է փաթեթավորել ու նրանց տալ: Վահեն այդ ժամանակ պատասխանել է, որ իր սեղանին ոչ ոք չպետք է ձեռք տա: Գիշերվա որ ժամն էլ լինի, ինքը հետ է գալու իր քեֆը շարունակելու:
«Եթե գամ սեղանը հավաքած լինի՝ սենց կանեմ, նենց կանեմ, հայհոյանքները չեմ ուզում դատարանում նշել: Ձայն չեմ հանում, թողնում են գնում են: Ես մոտենում են տնօրեն Հրաչ Զոհրաբյանին: Տեղյակ եմ պահում նրան դեպքի մասին: Զոհրաբյան Հրաչն ասում է, որ եթե մեկ անգամ էլ գան առանց մենեջերի չնստացնես սեղանին»,- նշեց ամբաստանյալը:
Քիչ անց նորից վերադարձել են: Ամբաստանյալը մենեջերին ասել է, որ ինքն այլևս չի սպասարկի այդ սեղանը, քանի որ խնդիր կա: Ավելի ուշ նորից իրեն են կանչել որպես մատուցող: Վահե Ավետյանը կեպիով է եղել: Նա հարցրել է՝ գուցե կեպիին գծերով լինելու պատճառով չթողնես նստեմ: Դավիթ Ադամյանն ասել է, որ եթե թույլ են տվել, նստեք: Հետո տուժողն ասել է, թե «վրեդ կայֆավատ» ենք լինում: Սեղանի շուրջն է եղել նաև Դիանան:
Ամբաստանյալի խոսքով՝ Վահե Ավետյանն ընտանիքին է հայհոյել, ինքն էլ հարվածել է: Դրանից հետո մոտենել են անվտանգության աշխատակիցներ Գարիկն ու Նորիկը: Նորիկը հեռացրել է Դավիթին կռվի վայրից: Վերջինս էլ տնօրենին պատմել է դեպքի մասին: Ավելի ուշ իջել է ներքև, նրանք փակել են հաշիվն ու գնացել:
Դավիթ Ադամյանը, օգտվելով իր իրավունքից, նշեց, որ ոչ մեկի հարցերին չի պատասխանելու:
Դատարանը որոշեց հրապարկել ամբաստանյալի նախաքննական ցուցմունքը: Դավիթ Ադամյանի ցուցմունքների միջև հակասություններ կային:
Նախապես նա նշել էր, որ ինքը տեսել է, թե ինչպես են Գարիկը, Արմանը և Արթուրը ծեծել Վահե Ավետյանին և նրա ընկերներին, միաժամանակ հայտնելով, որ ինքը չի մասնակցել ծեծկռտուքին:
Դավիթ Ադամյանը ցուցմունքների հակասության մասին միայն իր պաշտպանի հարցերի միջոցով դատարանին հայտնեց, որ իրեն նախաքննական մարմինները ստիպել են այդ ցուցմունքը տալ, ինքն էլ վախեցել է, թե իրեն կծեծեն նախաքննական մարմնում:
Գործով դեռևս ցուցմունք չտված ամբաստանյալները չհրաժարվեցին ցուցմունք տալուց: Նրանք պարզապես ժամանակ խնդրեցին նախապատրաստվելու համար:
Նունե Հովսեփյան
Աղբյուրը՝ Իրավաբան.net