Բելառուսի Համակարգող խորհրդի անդամ Մարիա Կոլեսնիկովային չեն կարողացել արտաքսել երկրից, քանի որ նա պատռել է անձնագիրը։ Համակարգող խորհրդի անդամները դիմել են Քննչական կոմիտե` իրավապահների հակաօրինական գործողությունների բոլոր դրվագներով։
Ավելի վաղ Բելառուսի պետական լրատվամիջոցները հայտարարել էին, որ Կոլեսնիկովային ձերբակալել են Ուկրիանայի հետ սահմանին։
«Մարիա Կոլեսնիկովան փորձել է ապօրինաբար լքել Բելառուսի տարածքը, սակայն ձերբակալվել է սահմանին»,- ասվում էր հաղորդագրության մեջ։
Սեպտեմբերի 7-ի առավոտյան հայտնի էր դարձել, որ Կոլեսնիկովային Մինսկի կենտրոնում նստեցրել են «Կապ» գրությամբ միկրոավտոբուս և տարել անհայտ ուղղությամբ։ Բելառուսում իշխանության խաղաղ փոխանցման Համակարգող խորհուրդը ստեղծվել էր նախագահական ընտրություններում գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի գլխավոր մրցակից Սվետլանա Տիխանովսկայայի նախաձեռնությամբ, որը քվեարկությունից հետո ստիպված լքել էր երկիրը։ Այդ երկրում օգոստոսի 9-ին կայացած ընտրություններից հետո զանգվածային ցույցեր ու բողոքի ակցիաներ են․ ընդդիմությունը չի ընդունում 25 տարի երկիրը կառավարած Լուկաշենկոյի հաղթանակը։