Մարդու իրավունքների վիճակը Սպորտի և երիտասարդության նախարարության և Մշակույթի նախարարության ոլորտում. Օմբուդսմենի զեկույց 2012

Սպորտի և երիտասարդության նախարարության և Մշակույթի նախարարության գործունեության ոլորտում արձանագրվել են հետևյալ թերացումները.

Մշակույթի նախարարություն

Նախարարության կողմից մշտադիտարկումներ են իրականացվել միայն առավել վտանգված հուշարձանների տեխնիկական վիճակի ստուգման ուղղությամբ, այնինչ փորձը ցույց է տալիս, որ կարիք կա հսկողություն սահմանել նաև այլ հուշարձանների նկատմամբ նույնպես:

· Շարունակում է չլուծված մնալ թատրոնների անբավարար նյութատեխնիկական հագեցվածության խնդիրը:

· Չեն ձեռնարկվել բավարար միջոցներ մշակութային կյանքի զարգացումը ՀՀ բոլոր մարզերում հավասարապես ապահովելու համար:

· Խիստ մտահոգության տեղիք է տալիս մշակութային հաստատությունների շենքերը հաշմանդամություն ունեցող անձանց համար առավել մատչելի դարձնելու հարցը:

· Արդյունավետ միջոցներ չեն ձեռնարկվել բոլոր հաշմանդամություն ունեցող անձանց ՀՀ մշակութային կյանքին մասնակցելու իրավունքը հնարավորինս ապահովելու համար:

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

Նախարարության կողմից 2012 թվականի ընթացքում իրականացվել են ընդամենը երեք միջոցառումներ և հանրապետության ոչ բոլոր մարզերում:

Մտահոգիչ է ՀՀ մարզերում երիտասարդների և երիտասարդ ընտանիքնե­րի սոցիալ-տնտեսական վիճակը:

Առանձին դեպքերում, քաղաքացիների կողմից խնդիր է բարձրացվել «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պե­տա­կան նպատակային ծրագրի գործընթացի թափանցիկության և չարաշահումների վերաբերյալ:

Շարունակում է արդիական մնալ ՀՀ մարզերում բակերի, մասնավորապես` ֆուտբոլային դաշտերի, խաղահրապարակների կառուցապատման խնդիրը:

Բացակայում է անհրաժեշտ ֆինանսավորում հաշմանդամություն ունեցող անձանց սպորտային կյանքը ակտիվացնելու, վերջիններիս սպորտային կյանքին ներգավելու և մարզիկներին պարաօլիմպիկ խաղերին մասնակցելու հնարավորություն տրամադրելու համար:

Երիտասարդների համար զբաղվածության և աշխատատեղերի ստեղծման խնդիրը գործնականում լուծում չի ստացել:

Արձանագրված դրական զարգացումները

· Նախարարության պետական երիտասարդական քաղաքականության
շրջանակներում գործող առցանց դրամաշնորհային համակարգի միջոցով 2012 թվականի ընթացքում տրամադրվել է 50 դրամաշնորհ:

· Եկեղեցիների և այլ պատմամշակութային կենտրոնների վերանորոգման ու վերականգնման համար 2012 թվականին ձեռնարկվել են մի շարք միջոցներ, մասնավորապես` հուշարձանների տեխնիկական վիճակի մոնիթորինգ, վերջիններիս վերանորոգում և վերականգնում:

· Ազգային փոքրամաuնությունների մշակույթի բացահայտման, փոխճանաչման, զարգացման, պահպանման, մշակութային համագործակցության նպատակով իրականացվել են միջոցառումներ, մասնավորապես` արվեստի փառատոներ, մրցույթ-ցուցահանդեսներ, ինչպես նաև գրադարանային հավաքածուների կազմը համալրվել է ազգային փոքրամասնությունների մայրենի լեզուներով գրականությամբ:

· Իրականացվել է պետական պատվերով և աջակցությամբ հրատարակված 86900 միավոր գրականության անվճար բաշխում ՀՀ մարզային, համայնքային զորամասերի գրադարաններին, արտերկրի հայկական կազմակերպություններին, իսկ Հայաստանի ազգային գրադարանի գրադարանային հավաքածուն համալրվել է արտերկրից առաքված 2353 միավոր հայագիտական գրականությամբ:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել