Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նստավայրի մոտ հավաքված մարդկանց շրջանում անհայտ տեսակի նյութ են շաղ տվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Միջադեպը տեղի է ունեցել, երբ ցուցարարներից ոմանք բավականին շատ են մոտեցել ոստիկանների կազմած շղթային և սկսել են գրառումներ անել ուժայինների վահանների վրա: Նյութի ցողումից հետո ակցիայի մասնակիցների աչքերը արցունքակալել են, շնչելը բարդացել է, ինչպես նաև`այրոցի զգացում է առաջացել կոկորդում:
Կատարվածից հետո բազմահազարանոց ցույցի մասնակիցներից ոմանք նահանջել են արգելապատնեշից, մարդկանց մի մասը հակառակ ուղղությամբ հեռացել է: Բախումներ ուժայինների և ցուցարարների միջև տեղի չեն ունեցել:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մինսկում Լուկաշենկոյի նստավայրի մոտ զրահափոխադրիչ մեքենաներ են տեղակայվել, ՕՄՕՆ-ականներն էլ շրջափակել էին նստավայրի մուտքը: