Հայցադիմումը վերադարձնել, թե մերժել դրա ընդունումը. Այս է խնդիրը

Ամալյա Հարությունյանը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Կենտրոն-4 համատիրության կառավարիչ Սամվել Հայրապետյանի` համատիրության ընդհանուր ժողովը ոչ իրավազոր, իսկ ժողովի որոշումներն անվավեր ճանաչելու, անվավերության հետևանքներ կիրառելու, կառավարիչ Ս. Հայրապետյանի լիազորությունները դադարեցնելու, 08.01.2013թ. նախաձեռնող խմբի կողմից հրավիրված համատիրության արտահերթ ընդհանուր ժողովն իրավազոր, իսկ ժողովի որոշմամբ սահմանված իրավունքները օրինական ճանաչելու պահանջով:

Դատարանը, ուսումնասիրելով հայցադիմումը և դրան կից ներկայացված փաստաթղթերը, հանգել է այն հետևության, որ հայցադիմումի ընդունումը պետք է մերժել` հետևյալ պատճառաբանությամբ:

Համաձայն ՀՀ քաղ. դատ. օր-ի 91 հոդ. 1-ին մասի 1-ին կետի` դատավորը մերժում է հայցադիմումի ընդունումը, եթե վեճը ենթակա չէ դատարանում քննության:

Հայցադիմումում շարադրված և նշված չէ, թե դիմողի ո՞ր իրավունքն է խախտվել:

Յուրաքանչյուր շահագրգիռ անձ իրավունք ունի ՀՀ քաղ. դատ. օրենսգրքով սահմանված կարգով դիմել դատարան` ՀՀ Սահմանադրությամբ , օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրով նախատեսված իր իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանության համար / ՀՀ քաղ. դատ. օր-ի 2 հոդ/: Իսկ հայցի իրավունքը ծագում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին /Քաղ. օր-ի 337 հոդ./:

Սույն հոդվածի մեկնաբանությունից հետևում է նաև, որ շահագրգիռ անձ է համարվում այն անձը ում իրավունքները, ազատություններն ու օրինական շահերը խախտվել են և վերջինս էլ դրանք վերականգնելու համար կարող է դիմել դատական պաշտպանության:

Դատարանը գտել է, որ դատական պաշտպանություն հայցողի` դիմողի պահանջը ընդհանրապես` և° դատական, և° ոչ դատական կարգով զուրկ է իրավական հիմքերից:

Նշենք, որ համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 91-րդ հոդվածի 1-ին մասի`դատավորը մերժում է հայցադիմումի ընդունումը, եթե`

1) վեճը ենթակա չէ դատարանում քննության.
2) նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ առկա է դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռ.
3) այլ դատարանի կամ արբիտրաժային տրիբունալի վարույթում առկա է նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ գործ.
4) նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ առկա է արբիտրաժային տրիբունալի վճիռ կամ Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշում, բացառությամբ դատարանի կողմից արբիտրաժային տրիբունալի վճռի կամ Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալը մերժելու դեպքի:

Տվյալ գործով դատարանը մերժել է անձի դատական պաշտպանության իրավունքը վեճը դատարանում քննության ենթակա չլինելու պատճառաբանությամբ:

Նշենք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը հնարավորություն է տալիս նաև վերադարձնել հայցադիմումը, եթե չեն պահպանվել նույն օրենսգրքի 87 հոդվածում սահմանված` հայցադիմումի ձևին և բովանդակությանն առաջադրվող պահանջները:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել