Ադրբեջանի սահմանը հատած դովեղցին ու այգեհովիտցին արդեն Հայաստանում են

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների` մարտի 16-ին և 17-ին ՀՀ երկու քաղաքացիներ հատել էին սահմանը և հայտնվել Ադրբեջանում: Ըստ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության՝ սահմանը հատած քաղաքացիներից մեկը Նոյեմբերյանի շրջանի Դովեղ գյուղի բնակիչ է, մյուսը՝ Իջևանի տարածաշրջանի Այգեհովիտ գյուղի բնակչուհի:

Այսօր Իրավաբան.net-ի հանրային թղթակից Վահագն Թամրազյանի հետ զրույցում Այգեհովիտ գյուղի գյուղապետ Լևոն Գրիգորյանը հայտնել է, որ այգեհովիտցուն «հետ են բերել»:

Ոստիկանության Տավուշի վարչությունից Իրավաբան.net-ին տեղեկացրել են, որ նրանք երկուսն էլ արդեն Հայաստանում են և այս պահին այլ տեղեկություն տալ չեն կարող:

Իրավաբան.net-ը պարզաբանումներ ստանալու համար դիմեց նաև Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին: Մամուլում տեղեկություն էր տարածվել, թե նա հերքել է լուրը:

Արծրուն Հովհաննիսյանն Իրավաբան.net-ին հայտնեց, որ ինքն իրավասու չէ քաղաքացիական անձանց մասին նման հայտարարություններ անել:

«Ես քաղաքացիական որևէ մարդու ո՛չ բռնվելու, ո՛չ հանձնվելու, ո՛չ փաստը հավաստելու, ո՛չ հերքելու իրավունք չունենք: Ես հերքել եմ` ասելով, որ զինվորականների շրջանում նման դեպք չի արձանագրվել»,- Իրավաբան.net-ին ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

Իրավաբան.net-ի ունեցած տվյալների համաձայն` Ադրբեջանի սահմանը հատած դովեղցին ու այգեհովիտցին այսօր ոստիկանության Տավուշի վարչությունում են եղել:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել