Ջհանգիրյանի պաշտպանին 5 օրը բավարար չէր Մատաղիսի գործով արդարացվածների հայցին ծանոթանալու համար

Այսօր Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մատաղիսի գործով արդարացվածներ Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանը և Ռազմիկ Սարգսյանը ներկայացրին իրենց հայցադիմումն ընդդեմ Գագիկ Ջհանգիրյանի:

Նրանք պահանջում են Գագիկ Ջհանգիրյանից հատուցել իրենց պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասը և հրապարակային ներողություն խնդրել:

Հայցադիմումի համար հիմք է հանդիսացել 2012 թ. դեկտեմբերի 18-ին Մատաղիսի գործով ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված արդարացման դատավճռից հետո Գագիկ Ջհանգիրյանի կողմից տրված հարցազրույցը: Մատաղիսի գործի շրջանակներում Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանը և Ռազմիկ Սարգսյանը տարիներ շարունակ մեղադրվել են չկատարած հանցագործության մեջ:

www.aravot.am և www.lragir.am լրատվական միջոցների լրագրողներին տված հարցազրույցի ընթացքում Գագիկ Ջհանգիրյանը հայտնել է. «Մարդասպանները պետք է նստեն, ես մնում եմ իմ կարծիքին», «Դրանք մարդասպան են», «Դրանք մարդասպաններ են և պետք է դատվեն, ես չեմ փոխել իմ կարծիքը»:

Ըստ հայցադիմումի՝ Գագիկ Ջհանգիրյանն իր արտահայտություններով նպատակ է ունեցել արատավորելու Արայիկ Զալյանի, Մուսա Սերոբյանի և Ռազմիկ Սարգսյանի պատիվն ու արժանապատվությունը, ինչպես նաև խախտել է նրանց անմեղության կանխավարկածը՝ միտում ունենալով բացասական տպավորություն ստեղծել:

Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանը և Ռազմիկ Սարգսյանը պահանջում են վիրավորանք հասցնելու համար Գագիկ Ջհանգիրյանին պարտավորեցնել հրապարակային ներողություն խնդրել, հօգուտ իրենց բռնագանձել 300.000 ՀՀ դրամ՝ վիրավորանք հասցնելու և 300.000 ՀՀ դրամ զրպարտելու համար, ինչպես նաև ճանաչել Արայիկ Զալյանի, Մուսա Սերոբյանի և Ռազմիկ Սարգսյանի անմեղության կանխավարկածի իրավունքի խախտման փաստը:

Անցած դատական նիստը հետաձգվել էր Գագիկ Ջհանգիրյանի ներկայացուցիչ Վահե Հովսեփյանի կողմից պատշաճ լիազորագիր չներկայացնելու համար: Այսօր վերջինս դատարանին ներկայացրեց պատշաճ լիազորագիրը, հայցվորների կողմից հայցադիմումը ներկայցնելուց հետո դատարանին խնդրեց ժամանակ տրամադրել հայցի վերաբերյալ դիրքորոշում հայտնելու համար:

Հայցվոր կողմը դեմ էր ժամանակ տրամադրելուն: Որպես հիմնավորում` նշեցին, որ նախորդ դատական նիստի ժամանակ՝ 5 օր առաջ, իրենք պաշտպանին հանձնել են հայցադիմումի մեկ օրինակը:

Գործով դատավոր Սիմիզար Հովսեփյանը, ելնելով մրցակցության դատավարական սկզբունքներից, որոշեց կողմին հնարավորություն տալ ծանոթանալու հայցադիմումին:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա ապրիլի 10-ին:

Նունե Հովսեփյան
Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել