Բելառուսում օգոստոսի 9-ի նախագահական ընտրություններից հետո մեկնարկած բողոքի ցույցերի ընթացքում արդեն 3-րդ մարդն է մահացել։ Այս մասին հայտնում է Ведомости-ն՝ հղում անելով Բելառուսի ՆԳՆ-ին։
Օգոստոսի 16-ին 19-ամյա մի երիտասարդ է մահացել՝ վրաերթի պատճառով։ Ըստ նախնական տվյալների՝ նա եղել է փողոցի երթևեկելի հատվածում և վրաերթի ենթարկվել կեսգիշերն անց։ Ստացած վնասվածքներից տեղում մահացել է։ Բելառուսի առողջապահության նախարարության տվյալներով՝ ներկայումս հիվանդանոցում է ցույցերի ժամանակ վիրավորված 158 մարդ, այդ թվում՝ ուժայիններ։ Օգոստոսի 9-ից մոտ 7000 մարդ է բերման ենթարկվել և ձերբակալվել։
Հիշեցնենք, որ օգոստոսի լույս 18-ի գիշերը համեմատաբար հանգիստ է անցել Բելառուսում, որտեղ չեն դադարում բողոքի ցույցերը երկրում նախագահական ընտրության արդյունքների դեմ։ Օգոստոսի 9-ի նախագահական ընտրությունների ավարտից հետո երկրում հակակառավարական ցույցեր են անցկացվում, որոնք առաջին օրերին ուղեկցվել են ոստիկանության կողմից բռնի ուժի կիրառմամբ։ Ընդդիմությունը պնդում է, որ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նախաձեռնությամբ ընտրությունների արդյունքները կեղծվել են։