Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Ռիմա Եգանյանը պարզաբանում է տարածել, որում ասվում է․
«Լագրող Սոնա Հարությունյանի նկատմամբ օրեր առաջ տեղի ունեցած կողոպուտի վերաբերյալ այսօր համացանցում տարբեր գրառումների և կարծիքների առնչությամբ մանրամասնում ենք.
Սոնա Հարությունյանը հաղորդում էր տվել այն մասին, որ 2020թ. հուլիսի 23-ին Արզումանյան փողոցում անհայտ անձը քաշել-պոկելու միջոցով բացահայտ հափշտակել է իրեն պատկանող մոտ 6 գրամ կշռով և մոտ 90.000 ՀՀ դրամ արժողության կախազարդով ոսկյա շղթան:
Հաղորդման հիման ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցվել է 2020թ. հուլիսի 25-ին, որը նույն օրը ստացվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում։
Ձեռնարկված բազմաթիվ քննչական և այլ դատավարական, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը Երևան քաղաքի բնակիչ է՝ 29 տարեկան:
Վերջինս ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, իսկ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:
2020թ. հուլիսի 30-ին որոշում է կայացվել քրեական գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով (քրեական գործով վարույթը դատախազի, քննիչի կամ դատարանի որոշմամբ ամբողջությամբ կամ համապատասխան մասով կարող է կասեցվել, եթե` մեղադրյալը թաքնվել է քննությունից կամ դատից, կամ նրա գտնվելու վայրն այլ պատճառներով պարզված չէ):
ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում՝ նախօրեին՝ 2020թ. օգոստոսի 12-ին, առերևույթ հանցագործություն կատարած 29–ամյա տղամարդը հայտնաբերվել, ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին, որից հետո քրեական գործի վարույթը վերսկսվել է:
Երիտասարդը հարցաքննվել է դեպքի շուրջ և տվել խոստովանական ցուցմունք:
Նախաքննությունը շարունակվում է։
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, գողոնը հայտնաբերելու ուղղությամբ»։
Հավելենք, որ Սոնա Հարությունյանը երեկ՝ օգոստոսի 12-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ուրեմն հուլիսի 23-ին, ժամը 18:10-ի սահմաններում, ընկերուհիներիս հետ քայլում էինք Արզումանյան փողոցով, այդ ընթացքում երկու չորքոտանի անցան մեր կողքով, հետո հետ եկան ու քաշեցին վզիս վզնոցն ու կախազարդը: Մինչև շոկից մի կերպ դուրս եկա, սրանք փախան շենքերի անկյուններով: Դիմել եմ ոստիկանություն, բայց ինչպես ասում են՝ ձայն բարբառո հանապատի… աշխատանքի իմիտացիա են ստեղծում, իբրև թե զբաղվում են իմ գործով, բայց ես ավելի օպերատիվ եմ աշխատում, քան իրենք: Տեսախցիկների նկարահանածը, որը ես վաղուց եմ տեսել քննիչը ընդամենը 2 օր առաջ էր դիտարկում, իսկ այսօր էլ ստացա նամակ գործի կասեցման վերաբերյալ: Հարգելի՛ ոստիկանություն, քննչական, իսկ դուք ինչի՞ համար եք, կասե՞ք, տեսանյութերն ունեք, անուն ազգանունն ունեք, գողի դեմքն ու կազմվածքը ունեք, բայց չեք կարում գողին բռնել, ո՞վ պետք է վերադարձնի իմ վզնոցը:
Ուշադրություն եմ հրավիրում այս գործի վրա, բացահայտե՛ք այն որովհետև չեմ պատրաստվում լռել և չեմ թողնելու, որ այն ջրվի:
Զբաղվեք ձեր գործով, ձեր գործը միայն դիմակներ չկրող մարդկանց տուգանելը չէ…
Հասկանո՞ւմ եք չէ՝ անցել է շուրջ 20 օր, բայց ոչ գողը կա, ոչ գողոնը…»։
Գրառմանն արձագանքել է Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը՝ նշելով․ «Հարգելի Սոնա Հարությունյանի գլխին եկածը սոցցանցերում պատմելուց առաջ, կարծում եմ կարելի էր իրավական տարրական գիտելիքների տիրապետողից կես բառ ճշտել, նոր բարձրաձայնել մտքեր, որոնք, մեղմ ասած, հակասում են իրականության մեջ գոյություն ունեցող փաստերին։ Եւ այսպես, ձեր բնորոշմամբ «աշխատանքի իմիտացիա ստեղծող» Մաշտոցի բաժնի ծառայողները բավական օպերատիվ, կարճ ժամանակում՝ օգոստոսի 12-ին, ժամը 15․20-ին (նախքան ձեր ֆեյսբուքյան հրապարակումը), հետախուզվողին հայտնաբերել ու ներկայացրել են տարածքային քննչական բաժին։ Այսինքն, հանցագործությունն ամբողջությամբ բացահայտված էր այնժամ, երբ դուք ձեր ենթադրությունները փորձում էիք որպես իրականություն ներկայացնել։ Լրագրողի մասնագիտությունը պետք է հուշեր, որ կարծիք արտահայտելուց առաջ մեկ անգամ եւս փորձեիք ճշտել։ Ինչեւէ կարեւորը հանցագործության բացահայտումն է, որը այս դեպքում եւս ոստիկանության ծառայողները իրականացրել են օպերատիվ ու արհեստավարժ»։
Լուսանկարը՝ Սոնա Հարությունյանի ՖԲ էջից