Նկատի ունենալով Ռոբերտ Նազարյանի ձերբակալության մասին լրատվամիջոցներով տարատեսակ ոչ հավաստի լուրերի տարածումը, ինչպես նաև կարևորելով հանրության` իրազեկված լինելու իրավունքը, տեղեկացնում ենք, որ 2003-2018 թվականների ընթացքում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնը զբաղեցրած Ռ. Նազարյանը ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով ձերբակալվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում, որով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Ռ. Նազարյանը առանձին տնտեսվարող սուբյեկտի համար արտոնություններ սահմանելու անձնական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով՝ 2011 թվականի ընթացքում չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:
Այս մասին հայտնում են Հատուկ քննչական ծառայությունից։
Մասնավորապես՝ Ռ. Նազարյանը, 2011 թվականի սեպտեմբերի 16-ին ստանալով ՀՀ-ում հիդրոէներգետիկայի զարգացումը խրախուսելու պատրվակով, սակայն փաստացի ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հետ փոխկապակցված անձանց պատկանող «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերության համար արտոնություններ սահմանելու նպատակով ընդունված՝ «Փոքր հիդրոէլեկտրակայանների համար առավելագույն հզորություն սահմանելու վերաբերյալ առաջարկության մասին» ՀՀ կառավարության որոշումը, առանց առաջարկվող փոփոխության շուրջ մասնագիտական պատշաճ ուսումնասիրություններ և վերլուծություններ կատարելու, անտեսելով ՀՀ-ում առկա ջրային ռեսուրսների հնարավորություններն ու դրա արդյունքում հիդրոէլեկտրակայանների կառուցման վիճակագրությունը՝ հանձնաժողովի իրավասու վարչության միջոցով մշակել է համապատասխան որոշման նախագիծ, որով նախատեսվել է բնական ջրահոսքերի, ոռոգման համակարգերի և խմելու ջրատարների վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայանների համար մինչ այդ սահմանված 10 Մվտ տեղակայված հզորության փոխարեն առավելագույն հզորություն սահմանել մինչև 30 ՄՎտ տեղակայված հզորությունը:
Այնուհետև, Ռ. Նազարյանը հանձնաժողովի 2011 թվականի սեպտեմբերի 28-ի նիստում հանձնաժողովի անդամների հետ մասնակցել է կոլեգիալ կազմով վերը նշված որոշման ընդունմանը, որի հետևանքով «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերության հիդրոէլեկտրակայանի սակագները մինչ այդ կիրառվող մեթոդիկայի փոխարեն կիրառվել են փոքր ՀԷԿ-երի համար նախատեսված մեթոդիկայի համաձայն: Արդյունքում ՀՀ-ի տարածքում 10-30 Մվտ հզորության նոր հիդրոէլեկտրակայաններ չեն կառուցվել, իսկ հիշյալ միջակայքում գործող, խոշոր ՀԷԿ հանդիսացող միակ՝ 26,4 Մվտ տեղակայված հզորության «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերության հիդրոէլեկտրակայանը, առանց հիմնավորման, ընդգրկվել է փոքր հիդրոէլեկտրակայանների ցանկում՝ օգտվելով հիշյալ տեսակի կայանների համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված առավել բարձր և կայուն սակագներով էլեկտրաէներգիա վաճառելու հնարավորությունից:
Ըստ նախաքննությամբ ձեռք բերված տվյալների` Ռոբերտ Նազարյանի և հանձնաժողովի մյուս անդամների վերոհիշյալ գործողությունների պատճառով «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերության հիդրոէլեկտրակայանից արտադրված և առաքված էլեկտրական էներգիայի վաճառքի համար 2012-2019թթ. ընթացքում սահմանվելիք սակագների փոխարեն նույն ժամանակահատվածների համար սահմանվել են կրկնակին գերազանցող սակագներ, որի հետևանքով «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերության կողմից ՀՀ-ում էլեկտրաէներգիա սպառող ֆիզիկական և իրավաբանական անձանցից հավելյալ ստացվել է առանձնապես խոշոր չափերի՝ 7,052,065,099 ՀՀ դրամ գումար:
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: