Այստեղ շահերի իրական բախում չենք տեսնում․ Ալինա Նիկողոսյանի պարզաբանումը՝ նախարարի նկատմամբ հարուցված վարույթի մասին

Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը պարզաբանում է տարածել, որում ասվում է․

«Անդրադառնալով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից իրավիճակային շահերի բախման առերևույթ դեպքի հիմքով հարուցված վարույթին, ցանկանում եմ տեղեկացնել, որ նախարար Արսեն Թորոսյանը և նախարարությունը բազմիցս անդրադարձել են այս հարցին, որը նախկինում ևս բարձրացվել էր ԶԼՄ-ներում:

Այստեղ շահերի իրական բախում չենք տեսնում, քանի որ նա կամ նրա ընտանիքի անդամները տվյալ ՍՊԸ-ի մասնակից չեն հանդիսանում, ինչպես նաև որևէ այլ գույքային բարելավում չեն ստացել նախարարության հետ կնքված պայմանագրերի շնորհիվ: Շահերի բախումը թվացյալ է:

Այդ պայմանագրերը դոտացիաներ կամ նվիրատվություններ չեն կազմակերպություններին, այլ դրանք պետական պատվերի շրջանակներում բժշկական ծառայությունների մատուցման պայմանագրեր են, որոնց շրջանակներում բժշկական ծառայություններ են ստանում ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր ունեն դրա իրավունքը:

Ուզում նաև եմ տեղեկացնել, որ բժշկական ծառայություններ մատուցող կազմակերպություններում պետական պատվերի տեղադրման կարգը նույնն է նման ծառայություններ մատուցող բոլոր կազմակերպությունների համար:

Նախարարը կամ նրա ներկայացուցիչը հանձնաժողովում կներկայացնի իր փաստարկները, եթե դրա կարիքը լինի»։

Հավելենք, որ Հանձնաժողովին տեղակացվել է, որ Առողջապահության նախարարությունը ծառայությունների մատուցման պայմանագրեր է կնքել «Միբս» ընկերության հետ, որի տնօրենը նախարար Արսեն Թորոսյանի կինն է՝ Վարդանուշ Թեւանյանը։

Այդ պայմանագրերով «Միբս» ընկերությունը պարտավորվել է մատուցել հիվանդանոցային ծառայություններ, Էլեկտրոնային առողջապահական ծախսերի փոխհատուցում, համակարգչային տոմոգրաֆիայի ծառայություն։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին խնդրել էինք կատարել ուսումնասիրություն՝ պարզելու համար արդյոք առողջապահության նախարարության եւ «Միբս» ընկերության միջեւ կնքված պայմանագրերում առկա է շահերի բախում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել