ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ Ղուրսալի համայնքի ղեկավարի կողմից առերևույթ կատարված չարաշահումների բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նյութերի նախապատրաստմամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Լոռու մարզի Ղուրսալի համայնքի ղեկավարը, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, հետագա տարիներին համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի օգտագործման հաշվին, իր ընտանիքի համար լրացուցիչ եկամուտներ ապահովելու շահադիտական դրդումներից ելնելով, 2007թ. նոյեմբերի 20-ին իր կնոջ հետ կնքել է հողամասի առուվաճառքի պայմանագիր, որով համայնքային սեփականություն հանդիսացող 0.1 հա մակերեսով հողամասը սեփականության իրավունքով հատկացրել է վերջինիս։ Այնուհետև՝ կնոջ հետ հողամասի առուվաճառքի պայմանագիր կնքելուց կարճ ժամանակ անց՝ 2007թ. դեկտեմբերի 11-ին, վերջինիս միջոցով նույն հողամասից 200ք/մ մակերեսով հողակտոր տարեկան 480.000 ՀՀ դրամ վարձավճարի դիմաց վարձակալությամբ հանձնել է հեռահաղորդակցական գործունեությամբ զբաղվող ընկերությանը, որի արդյունքում մինչև 2020թ. հունիս ամիսն ստացել է շուրջ 5.280.000 ՀՀ դրամ վարձավճարի տեսքով շահույթ։
Դեպքի առթիվ ոստիկանության Սպիտակի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 2-րդ մասով և ուղարկվել ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: